Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա կարող է իրագործել իր որոշումը։ Մտածե՞լ են արդյոք այս մասին հիշատակագիրը ստորագրողները։ Մյուս կողմից՝ եթե նույնիսկ հաջողվի ռուսներին հեռացնել Կովկասից, ի՞նչ կլինի այնուհետև երկու միլիոն հայության վիճակը՝ շրջապատված քառասուն միլիոն մուսուլման ազգաբնակչությամը։ Մտածե՞լ է արդյոք այս մասին Պ․ Ահարոնյանը։ Այդ, այդ նոտան, բացի անհեթեթ լինելուց, վնասակար է հայ ժողովրդի համար։ Եթե Ադրբեջանի, Վրաստանի և հյուսիսային լեռնականների ներկայացուցիչները չունեն երկյուղ Ռուսիայի թշնամությունից, մենք՝ հայերս, պետք է ունենանք։ Եթե նրանք ունին շահ ռուսների Կովկասից հեռանալուց, մենք հայերս չունինք։

Սխալը գործված է, բայց պետք է նրան ուղղել և շուտով։

ՈՉ ՄԻ ԲԱՑԱՏՐՈԻԹՅՈԻՆ ԸՆԴՈԻՆԵԼԻ ՉԷ

Թե հայ ժողովուրդն անկեղծորեն ցանկանում է իր դրացիների հետ ապրել հաշտ ու բարեկամաբար,— չեմ կարծում, թե գտնվե մեկը, որ թույլ տա իրան հակառակը պնդելու։ Արդեն ի բնե հայ ցեղը կռվարար կամ կռվասեր չէ, և եթե մերթ ընդ մերթ նա դիմել է զենքի օգնության, միայն ինքնապաշտպանության բնազդն է ստիպել այդ անելու։ Զենքը հայի խաղաղասեր հոգուն ատելի է նույն չափ, որչափ սիրելի է նրան հանգիստ աշխատանքը։ Չեմ հիշում, կա՞ արդյոք նրա պատմության մեջ դեպք, երբ նա առաջինը հարձակված լինե իր հակառակորդի վրա, բայց գիտեմ շատ դեպքեր, երբ նա առաջինն է հաշտության ձեռք պարզել իր դահիճներին։

Աչքի առջև ունենալով այս պատմական ճշմարտությունը, չպիտի զարմանալ, որ այսօր փորձեր են լինում հայ ժողովրդին հաշտեցնել այն տարրերի հետ, որոնց հետ դեռ երեկ նա կռվում էր։ Չպիտի զարմանալ նաև, որ այդ փորձերի հեղինակն է հանդիսանում մի մարմին, որ ներկայացուցիչն է նույն երեկվա կռիվները խրախուսող և օժանդակող կառավարության։ Այսպես է եղել միշտ մեր բախտը երևի, այսպես պիտի շարունակվե. միշտ առաջինը վիրավորվել և միշտ առաջինը սեղմել վիրավորողի ձեռքը։