Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չափազանցություն չի լինիլ, եթե ասեմ, որ ավելի դյուրին է ընդունված լինել մի ժամանակակից արքայի պալատում։ քան Ռապալոյի դղյակում, ուր տեղավորված է Մոսկվայի սովետական կառավարության բազմանդամ պատգամավորությունը։ Տեղական իշխանությունները ամենախիստ միջոցներն են ձեռնարկել ռուս հյուրերի կյանքն ապահովելու անակնկալ վտանգներից, մանավանդ այն օրից հետո, երբ Սանտա Մարգարտայում ձերբակալվեցին հինգ կասկածելի ռուսներ իբրև հակաբոլշևիկներ։

Կամենալով ծանոթանալ Կովկասի այժմյան կացությանը, գնացի տեսնվելու սովետական երեք հանրապետությունների ներկայացուցիչների հետ։ Բնшկшնшբшր առաջին փափագս էր տեսնել Հայաստանի ներկայացուցչին։

Ռապալոն Ջենովայի գեղեցիկ արվարձաններից մեկն է, քաղաքից 25 կիլոմետր հեռու, Լիգուրյան ծովի անտառազարդ ափերից մեկի վրա։

Արդեն երկաթուղու վագոնից դուրս գալով, հանդիպում ես զինվորների և ոստիկանների մի այնպիսի բազմության, որ իսկույն երևում է, թե անսովոր է այդ խաղաղ և անվրդով ավանի համար։

Դղյակը գտնվում է մի բլրի վրա, ուսկից դեպի ծովն ու ցամաքը բացվում է մի հրաշալի տեսարան։ Նա շրջապատված է մի ընդարձակ պարտեզով, որ մի ժամանակ չգիտեմ ջենովյան որ իշխանի փառքի ու զեխության վայրն է եղել:

Պարտեզի մուտքի առջև արձանների պես ցցված են կես դուզեն կարաբինիեներ իրանց եռանկյունի գլխարկներով և ճերմակ ձեռնոցներով։ Նրանց գլխավորը, այցելուներին դիմավորելով խոժոռ դեմքով, նախ՝ յուրաքանչյուրին զննում է ոտքից մինչև գլուխ, ապա հարցուփորձի է ենթարկում․ «Ո՞վ եք, ո՞ւմ եք ուզում տեսնել» և այլն։

Այցետոմսս տալով պարոնին, խնդրեցի ուղարկել Պ․ Ալեքսանդր Բեգզադյանին։

Եղանակն անձրևային էր։ Ես ստիպված էի մոտ 15 րոպե սպասել բաց երկնքի տակ, մինչև որ հրաման եկավ ինձ վեր