Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց արդյոք ապահո՞վ եք համարում բոլշևիզմի գոյությունը։

— Ավելի քան ապահով,— պատասխանեց պ. Մդիվանին խորին հավատով։— Սնոտի են այն բոլոր հույսերը, թե այսօր֊վաղը պիտի ընկնի բոլշևիկյան կառավարությունը։ Եվ մենք՝ կովկասցիներս, չպիտի բաղձանք, որ ընկնի այդ կառավարությունը, վասնզի, կրկնում եմ, միայն նա կարող է տալ կովկասյան ազգություններին անկախություն և պաշտպանել նրանց արտաքին վտանգներից։

Խոսելով թուրքահայերի մասին, Պ. Մդիվանին, խորին համակրությամբ արտահայտվելով, ասաց նույնը, ինչ որ Պ. Բեդղազյանը, այն է, թե Ազգ. տան ամենազորավոր և ամենաանկեղծ պաշտպանը Ազգերի ընկերության մեջ կարող է լինել Սովետական Ռուսիան։

Մեր խոսակցությունը ընդհատվեց Սովետական Ադրբեջանի վարչապետ՝ բժիշկ Նարիմանովի գալուստով։

ՄԱՀԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՈՉ ՀԵՏՈ

Ես տեսել էի նրան շատ անգամ։ Մի վերին աստիճանի անհրապույր մարդ էր արդեն առաջին ծերության մեջ։ Երկար տարիներ աշխատանքով, տառապող գործավորի դառը քրտինքով և ծայրահեղ խնայողությամբ դիզել էր ահագին հարստություն։

Գծուծ և անսիրտ մեկն էր, սառն, անտարբեր, դեպի մարդկային թշվառությունները, որոնցով լցված էր նրա հայրենիքը։ Մարդ էր ծնվել բնությունից, հարկավ, ինչպես բոլոր մահկանացուները, կյանքի չարն ու բարին, այլանդակն ու գեղեցիկը իր մեջ սնուցանելու կարողությամբ։ Սակայն նախախնամության չար կամքով մոլեռանդ սերը դեպի աշխարհի ամենազոր գործիքը— ոսկին, շատ կանուխ, արդեն մանուկ հասակում բուն դրեց նրա մեջ, դուրս վանելով այնտեղից բոլոր մյուս զգացումները։ Եվ շուտով նա դարձավ մի տեսակ մեքենա և զորավոր մեքենա՝ շահեցնելու համար, նա հերքեց բարիի, գեղեցկի աստվածությունները և միայն ու միմիայն հարստության մեջ փնտրեց կյանքի խորհուրդը: