Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուններն էլ հավասար անկեղծությամբ ջանում են պահպանել բարեկամություն, մի կողմից մեզ. մյուս կողմից՝ Սովետական Ադրբեջանի հետ։ Ծրագրված է երեք հանրապետությունների ներկայացուցիչներից կազմել Թիֆլիսում մի կենտրոնական մարմին, որ պիտի ղեկավարի երկրի քաղաքականությունը։ Այս ծրագիրը դեռ իրագործված չէ և ամենայն հավանությամբ կիրագործվի երեք հանրապետությունների ներկայացուցիչների Զենովայից Կովկաս վերադառնալուց հետո։

Միանգամայն սխալ է այն Լուրը, թե Սովետական Վրաստանի կառավարությունը մտադիր է Թիֆլիսը պարպել հայ ազգաբնակությունից, որոնց թիվն է մոտ 200 հազար։ «Այդ տեսակ մի կարգադրություն, ասաց Մ. Մդիվանին, կլիներ հակահեղափոխական և միանգամայն թշնամական մեր սկզբունքներին։ Եղելությունը հետևյալն է. մեր կառավարությունը ի նկատի ունենալով, որ այժմ Թիֆլիսն ունե մոտ 700 հազար բնակիչներ, մինչդեռ նա կարող է հազիվ այդ թվի կեսին գոհացնել կայարաններով, որոշել էր քաղաքից հեռացնել ազգաբնակության այն մասը, որ ոչ գործով և ոչ ընտանեկան հանգամանքներով կապված չէ տեղի հետ։ Բայց երբ պարզվեց, որ հիշյալ մասն ազգաբնակությամբ գլխավորապես հայերից է բաղկացած, կառավարությունը հետ վերցրեց իր որոշումը, չկամենալով հայերին պատճառել դժվարություններ կամ նույնիսկ դժվարություն»։

— Ո՞ր աստիճանի ապահով եք համարում այժմյան Հայաստանի անկախությունը,— Հարցրի ես։

— Մինչև այն աստիճան,— պատասխանեց պ. Մդիվանին առանց տատանվելու,— որչափ ապահով է Մոսկվայի կառավարությունը։ Կփափագեի, որ դուք՝ հայերդ, և մենք վրացիներս, վերջապես համոզվեինք, որ առանց Ռուսիայի բոլշևիկյան կառավարության գոյության և կամքի մեր երկիրները երբեք չեն կարող վայելել ազատության։ Միայն բոլշևիզմն է անկեղծ բարեկամ ազգերի անկախության, մյուս բոլոր կուսակցությունները, հակառակ իրանց հավաստիացումներին, խորապես գերիշխանական են։