Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճանապարհի մասին դեպի Սևորդյաց ձորը։ Առհասարակ Դեբեդա գետի ափերը, սկսած այնտեղից, ուր նա մտնում է Գուգարաց աշխարհը, մինչև այնտեղ, ուր նա բաժանվում է այդ աշխարհից, միատեսակ են։ Ամեն տեղ բարձր ժայռեր, փապարներ, մութն ու խորին ձորեր, նեղ ու քարքարոտ շավիղներ, ձորերի մեջ անտառներ,— ահա այն ամենը, ինչ որ կարողանում է տեսնել մարդու աչքը։

Ժայռերը եռանկյունի, գետի կողմից նրանք ներկայացնում են հսկայական պատեր անթիվ այրերով, խորշերով ու ծերպերով, մյուս կողմից շրջապատված են լեռներով, իսկ նրանց վերին կողմը, գագաթը ներկայացնում է պայտաձև տափարակ դաշտեր։ Ահա այս պայտաձև բարձրավանդակների վրա են դասավորված Գուգարքի հայ գյուղերը։ Գյուղերը միմյանցից բաժանված են մի-մի ձորով, որոնցից շատերի միջոցով հոսում են փոքրիկ գետակներ և խառնվում Դեբեդային։

Ավելի քան երեք ժամ տևեց մեր բարձրանալը բավական սանդուղքով։ Ճանապարհին տեղ-տեղ մենք հանդիպում էինք մեծ և փոքր այրերի, որոնց մի քանիսի մեջ ձմեռը պատսպարվում են խաշնարածներն իրենց ոչխարների հոտերի հետ։

Արևն արդեն թաքնվում էր հեռավոր լեռների հետևում, երբ մենք հասանք ժայռի գագաթին։ Այստեղից դեպի ցած նայելով, Դեբեդա գետի հարավային հովիտը ներկայացնում է սքանչելի տեսարան։ Այստեղ անընդհատ լեռներն ու ժայռերը, իրարուց հեռու կանգնած, փոքր-ինչ ընդարձակություն են տալիս պատմական գետի հոսանքին։ Այստեղ նա չի գրգռվում, չի փրփրում, որպես Սևորդյաց ձորում, այլ խաղաղ ու հանդարտ հոսում է դեպի հյուսիս օձապտույտ ընթացքով, ուրախ-ուրախ փայլելով իր ծաղկավետ ափերի մեջ։ Եվ այդ ափերը, քանի հեռու, այնքան մեղմ, քնքուշ և շքեղ տեսարան են ներկայացնում նոր մայր մտնող արևի վերջին շողերի ներքո։ Բայց ահա հեռավոր լեռները սքողած նոսր մշուշը թանձրացավ, ծածկեց դեպի հեռավոր ափերը։ Կանաչազարդ հովիտը փոխեց իր գույնը։ Սքողվեց նա մանիշակի գույն շղարշով, շրջակայքը փոքր առ փոքր սկսեց մթնել. մթնեց և հովիտը, իսկ գետը տակավին պարզ երևում է, որպես մութ