Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անվնաս և մաքուր են մնացել, որ, կարծես, երեկ են նկարված։

Տաճարից դուրս գալով, մենք այցելեցինք վանքից — դեպի արևելք—փոքր-ինչ հեռու գտնվող գերեզմանատունը: Այստեղ, ի միջի այլոց, թաղված են Զաքարե Սպասալարի, նրա հոր—Սարգսի և պապի—Վահրամի, այս «իշխանաց իշխանների», մարմինները։ Այս գերեզմանատան մոտ կան երկու փոքրիկ եկեղեցիներ կամ ճիշտն ասած մատուռներ, Զաքարե Սպասալարի հրամանով շինված։

Դեպի արևմուտք, վանքից կես վերստաչափ հեռու գտնվում է Զաքարե Սպասալարի կառուցած աղբյուրը։ Այս աղբյուրի ջուրը նախ հավաքվում է ութ սրբատաշ հոյակապ սենյակների մեջ և այստեղից մի խողովակով դուրս հոսում։ Սենյակները շինված են գետնի մեջ, այնպես որ կտուրը գետնի մակերեսին հավասար է։ Աղբյուրը առջևի կողմից ներկայացնում է մի գեղեցիկ շինություն, որ նույնպես մոտ է քայքայման, թեև համեմատաբար ամուր է տակավին, քան Հաղբատի աղբյուրի շինությունը։ Վերջինն ավերվում է ոչ միայն ժամանակի ընթացքից և մարդկանց անհոգությունից, այլև նրա գոյության վերջին ժամանակները թշնամացել են և անասունները: Ասածս կատակ չէ. սրանից մի քանի տարի առաջ Հաղբատի մի ոմն քահանա, եթե չեմ մոռացել, տեր-Հարություն անունով, ունենում է սանահնեցի Հաթամի ձիու նման մի կույր ձի։ Այս ողորմելի չորքոտանին, աղբյուրի մոտ արածելիս, ծարավում է, լսում է ջրի կարկաչը և այն ուղղությամբ գնում է ու մտնում աղբյուրի սենյակներից մեկի մեջ։ Ծարավը հագեցնելուց հետո կույր ձին չի կարողանում իր մտած տեղից դուրս գալ։ Հայտնում են տիրոջը, տեր հայրը գալիս է և, մոլլա Նուրիի պես, սենյակը քանդել է տալիս ու ձիուն դուրս բերում։

Ահա այսպես են վերաբերվում դեպի դարավոր ճարտարապետական հնություններն այն մարդիկ, որ ամենից ավելի պարտավոր են հարգել և պահպանել մեր անցյալի հիշատակները։

Սանահնի աղբյուրի և նրա ջրամբարների մութ անցքի