մասին, չեմ հիշում ով, մեզ պատմեց պես-պես անեկդոտներ, բոլորն էլ վանքի հին և նոր միաբանների կյանքից։
Թող ամաչե նա, ով հավատում է այդ անեկդոտներին։ Բայց մի հարց, ով սրբազան հայրեր, Զաքարե Սպասալարը իր կառուցած աղբյուրի ջուրը բաժանել է երկու մասի—մի մասը գյուղացիների, մյուս մասը վանքի համար։ Վերջինն առանձին խողովակով բերված է մինչև վանքի գավիթը։ Ասացեք, ինչո՞ւ ստեպ-ստեպ գյուղացիների աղբյուրի ջուրը խառնվում է վանքապատկան ջրին, ինչո՞ւ առաջինը ցամաքում է, և «հարսնասիրուն» սանահնեցիներից հարսն ու կանայք ստիպված են լինում վանքի գավթից ջուր տանել...
Այս հարցի պատասխանը թողնում եմ Հովսեփ վարդապետին, որ Սինոդի կարգադրությամբ պատժված է՜ էջմիածնի ոչխարներն արածացնել և գոմերը մաքրել։ Ինչ փույթ, որ պատժված վարդապետը Հաղբատի վանահայրն է եղել և ոչ Սանահնինը, չէ՞ որ, ինչպես բողոքում էին մեզ գյուղացիները, նա իր տեսակետից շատ լավ ուսումնասիրել է աշխարհային կյանքի հաճույքը... այսինքն կանայք որսալու վարպետտությունը․․․
Բավական է, որքան հնությունների մասին խոսեցինք, նրանք ոչ մի ուրախալի երևույթ չեն պարունակում իրենց մեջ, բացի դառն հիշատակներից։ Դառնանք ներկային. արդյոք մեր այցելած երկրի ժողովուրդը տալի՞ս է հույս ապագայի վերաբերմամբ։
Ես կարող էի այս մասին շատ բան ասել, Գուգարաց աշխարհի շատ վերքերը շոշափել։ Բայց, հակառակ իմ բուռն ցանկության, չեմ կարող այդ անել... հայտնի պատճառներով։ Ուստի ստիպված եմ հիշել այդ երկրի հայ ժողովրդի շատ ցավերից միայն մեկի մասին։
Դա կրթության հարցն է։
Այն գյուղերը, որ այցելեցինք և բոլոր հարևան գյուղերը Դեբեդա գետի աջ ու ձախ ափերում սփռած—գտնվում են վերին աստիճանի խավար դրության մեջ։ Ամբողջ երկիրը մինչև այսօր չունի մի հատ ուսումնարան։ Եվ այդ որտեղ․ Թիֆլիսի թեմում,— այն թեմում, որ ամենալուսավորվածն է համարվում։