Մեր հարցին պատասխանեցին, թե վաղուց Սանահին գյուղում եղել է մի ողորմեի ուսումնարան, որ, մի քանի տարի գոյություն ունենալուց հետո, փակվել է, նյութական միջոցների չգոյության պատճառով։ Այժմ երկու տարի է, որ մեր ուղեկից երիտասարդ Արղությանը աշխատում է վերականգնել այդ ուսումնարանը, բայց չի հաջողվում։ Նա դիմում է Թիֆլիսում ապրող անթիվ Արղությաններին, խնդրում է, աղերսում, որ տարեկան յուրաքանչյուրը մի չնչին գումար տա իր հայրենիքում մի փոքրիկ ուսումնարան պահելու և միշտ մերժումն է ստանում։ Մերժումն այն մարդկանցից, որոնցից մի քանիսը տարեկան տասնյակ հազարների եկամուտ ունեն և, երևակայեցեք, այդ եկամուտների մի մասը տալիս են նրանց Սանահնի գյուղացիները։
Ես արդեն նկարագրեցի այն, ինչ որ տեսա երկու օրվա ընթացքում Սանահնում և նրա շրջակայքում։
Ժողովրդի տնտեսական և բարոյական կացության մասին իմ նկարագրությունը մանրամասը չէր կարող լինել։ Երկու օրվա ընթացքում ծանոթանալ մի անծանոթ երկրի ժողովրդի դրությանը, անկարելի է, մանավանդ որ մենք շտապով շրջելով մի քանի գյուղեր, ժողովրդի երես չէինք տեսնում։ Իսկ հավատ ընծայել մեր երկու-երեք ձիապանների առասպելական պատմություններին—դժվար էր։
Ուստի ձգենք մի հայացք ևս Գուգարքի բնության վրա, հրաժեշտ տանք և մտնենք ապականված քաղաքական կյանքի աղտեղությունների մեջ։
Թախծալի է բաժանվել այդ երկրային դրախտից, այդ բարձրագագաթ լեռներից, այդ ծաղկազարդ ձորերից, կուսական անտառներից, սրընթաց գետերից, կանաչազարդ, գեղեցիկ հովիտներից, ահռելի ժայռերից, բայց... քաղաքային կյանքը ձգում է մեզ իր ալիքների մեջ։ Չէ՞ որ մեր «քաղաքակրթված» բնությունը ընտելացել է այդ աղավաղված կյանքի պահանջներին, և մենք չենք կարող ապրել առանց նրանց, չէ որ մեզ ամեն օր հարկավոր են սրտի ու մտքի մանր պատերազմներ, անձնական կռիվներ, չնչին բաների համար մեծ գոռգոռումներ, անընդհատ խռովություններ, վերջապես.