Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շրջապատված իր երկու-երեք ընկերներով։ Կապտագույն հորիզոնի վրա պարզվեց նրա չոր գագաթը, որը Նոյի անգութ տապանը հավիտյան զրկել է բուսականությունից։

Հոգնած, քրտնած, շնչասպառ մենք հասանք զառիվայր ճանապարհի գլուխը և նստեցինք լերկ ապառաժներից մեկի վրա` փոքր֊ինչ հանգստանալու։

— Բեզա...ա...րեցի...իք, հա֊հա,— ասաց սանահնեցի մեր ձիապանը, որի համար բառեր արտասանելը կատարյալ աստվածային պատիժ էր, այնքան նրա կզակը թույլ էր և շրթունքը համրաշարժ։

Առհասարակ բոլոր մեզ հանդիպած գյուղացիները, բացի շուլավերցիներից, համրախոս էին, դանդաղաշարժ, բայց արագակեր։

— Քյո...ո.․.ոռ...լուղա... լան են ահա՝,— շարունակեց մեր ձիապանը, բառերը ծամծմելով, ձգձգելով և վերջ ի վերջո բերանից դուրս թողնելով չարչարված, տանջված, ջարդ ու փշուր եղած մի խոսք։ Ըհը խոսա, Ալլահ...սախ...լա՜ սուն...— դարձավ նա հանկարծ դեպի ետ։

Ճանապարհի գլխին երևաց մի թուրք, կարճլիկ, հինայած և շրջակայքը զգուշությամբ սափրած «խատտի հումայի» մորուքով։ Չուխան ուսերի վրա ձգած, փոքրիկ դանակով մի փայտի կտոր տաշելով, նա անխռով կանգնել էր մեր հետևում և նայում էր մեզ վրա։

— Շիրվանցի՞ ես,— հարցրի ես, նրա դեմքից գուշակելով որ երկրացի լինելը։

— Բաալի, լահիջ եմ։

Լահիջ Շամախու թուրք գյուղերից մեկն է, բնակիչները բացառապես պարապած են պղնձագործությամբ։

— Քիշի ինչպես ես այստեղ ընկել։

— Եկել ենք աղ ցանելու,— պատասխանեց թուրքը կատակով։

Լահիջները համարվում են շատ միամիտ մարդիկ բայց լավ պղնձագործներ են։

Ի միջի այլոց, նրանց միամտության առթիվ պատմում են մի անեկդոտ, թե նրանք, կարծելով, որ աղը բույս է, մի