անգամ ցանել են և խիստ զարմացել, որ նա չի բուսնում։ Այս պատճառով Շիրվանի գավառում միամիտ մարդկանց անվանում են «աղ ցանո՛ղ լահիջ»։
Պղնձի հանքերը, որ մեր ճանապարհի վրա էին, գտնվում են ֆրանսիական ընկերության ձեռքում, իսկ պղնձագործությամբ (անոթներ շինելով) այդտեղ մեծ մասամբ պարապում են լահիջները։
— Սպանեց անհոգին, խեղդել է գյավուրը... Փարվարդիգյարը նրան հանգստություն չի տալ ոչ էս կյանքում, ոչ էն կյանքում,— արտասանեց թուրքը, գլուխը դառնությամբ շարժելով։
— Ո՞վ սպանեց, ո՞ւմ,— հարցրինք մենք։
Թուրքը պատմեց, թե այն օրը մեր ճանապարհի վրա մի թուրք գոտիով խեղդել է իր ընկերոջը և փողերը կողոպտել։
— Մոլլա Ղանին,— ածուխ ծախող է, չեք ճանաչի, — ջորիները առաջը գցած գնալիս է լինում։ Ջորիներից մեկի ոտը պոկվում է, ղալից ընկնում։ Հեռու չի տեղը, այ, էս սարից դեն է։ Մոլլան ցած է գալիս և տեսնում է, որ մի խեղդված մարդ էլ ընկած է ջորիի մոտ։ Էհ, խազեին, դյունյան փչացել է, փափախդ գլխիդ երկու ձեռքով պինդ պահիր։ Վալլահ, բիլլահ, մարդու երեսին ամոթ, սրտում խղճմտանք չի մնացել։ Օրը ցերեկով ընկերը-ընկերոջ բռնում է ու խեղդում, տեսնենք վերջներս ինչ է լինելու։ Խուդա հաաֆս...
Ավարտելով իր փիլիսոփայությունը, թուրքը գլուխ տվեց ու հեռացավ, շարունակելով փայտի կտորը տաշել, ուսերը շուտ-շուտ վեր քաշել, որ չուխան չընկնի։
Մադան ասված գյուղի պղնձահանքերը սփռված են մի բոլորաձև մեծ ձորի մեջ, չորս կողմից շրջապատված լեռներով։ Հենց այդ լեռներն են պարունակում իրենց մեջ մետաղյա հարստությունը։ Հանքերի մուտքերը շարված են գյուղի մեծ ճանապարհի մոտով։ Ամեն մի հանքի մուտք ներկայացնում է գյուղական մի հասարակ խրճիթի դուռն։ Այս դռներից սկսվում են ստորերկրյա, նեղ, խոնավ, մթին անցքերը և գնում մինչև լեռան խորքը։