Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հնությունները գեղեցիկ են, բայց մահվան գեղեցկությունը նույնքան անախորժ է, որքան և՛ այլանդակությունը։

Քավ լիցի, որ ես այս խոսքերով կամենայի մի որևէ ակնարկություն անել մեր վրացի եղբայրակիցներին և հազիվ թե նրանք կարոտ են մի հայ գրողի ասածներին։ Ես կցանկանայի միայն, որ այժմյան հայ ինտելիգենցիայի մի հայտնի մասը ձեռք քաշեր վերջապես վանքամոլությունից և համոզվեր, որ պատմության անիվը ետ դարձնել չի կարելի։

Կաբրիոլետի ձիերը փոխվեցին, և մենք դիմեցինք դեպի առաջ։ Դարձյալ փոշի, տոթ, և մարդու աչքը հանգստանալու և ոչ մի գեղեցիկ վայր։ Մի՞թե այս է այդքան գովված ռազմավիրական ճանապարհը։

— Սպասեցեք դեռ, կտեսնեք,— ասաց իմ ուղեկից քաղաքագետ ուսուցիչը, որը չմոռանամ ասելու մոլորուս էր։

Երիտասարդ գիմնազիստուհու աչքերը փայլեցին սպասվելիք զվարճությունից։ Նա ևս առաջին անգամն էր գնում այդ ճանապարհով։

Եվ, իրավ, կեսօրից հետո տեսարանները սկսեցին փոխվել։ Փոշին և տոթը տեղի տվեցին կիսալեռնային զովությանը և օդի հստակությանը։ Ճանապարհի այս ու այն կողմերում սկսեցին երևալ կանաչազարդ թփեր, իսկ ավելի հեռու— ծառերի թմբեր, գեղեցիկ բլուրներ, լեռներ։ Տեղ-տեղ այդ լեռների լանջքերը երևում էին կանաչից զուրկ կամ դեղնագույն, կամ մոխրագույն, և այդ բաց կտորները դարձնում էին նրանց խայտաբղետ։

Անանաուրի և Փասանաուրի մեջ արդեն սկսում է երևալ ռազմավիրական ճանապարհի առաջին գեղեցկությունը — անտառազարդ ձորերը և սարերը։ Աջ ու ձախ կողմից լսվում է լեռների գագաթներից հոսող պարզ ու վճիտ առվակների կարկաչը։ Ահա ծառերով սքողված ժայռերի միջով արագ-արագ վազում է դեպի մեր ճանապարհները, աստված գիտե, որ լեռան կրծքից բխող գետակը, մյուս կողմից, ավելի բարձրը ժայռերի կրծքով, աղմկելով ցած է գլորվում մի ամբողջ գետակ։ Նրա ընթացքը այնքան սաստիկ է, որ ջուրը փրփուր է դառնում և երևում ինչպես մի հսկայական նեղ և երկար ղենջակ ձգված ժայռի կրծքով դեպի ցած։ Իսկ այնտեղ, լեռների