երկու շարքերի միջև, ձորով ընթանում է պատմական Արագվան, մերթ երևալով մեր ճանապարհի եզրում և մերթ թաքնվելով ձորի խորության և անտառների մթության մեջ։
— Բայց մի՞թե միայն սա է ռազմավիրական ճանապարհի սքանչելիքը,— հարցնում եմ ես դարձյալ քաղաքագետ հարևանիցս։
— Դեռ սպասեցեք, կտեսնեք,— ասում է նա և իր շագանականման քիթը ցցում օդի մեջ, ապակիի պես փայլող աչքերը հառելով դեպի մեր ճանապարհի խորքը։
Տեսածս գրավիչ էր, բայց ես կովկասում տեսել էի ավելի հիանալի վայրեր։ Ես մտաբերեցի Դաղստանի սահմանում գտնվող Շահդաղ ձյունապատ լեռան տեսքը, նրա շրջակայքը դեպի Ղուբա քաղաքը, Դիլիջանի ձորը, Սանահնի և Խոժոռնիի ձորերը, Ախուրյան գետի եզերքը Արդինայի մոտ և վերջապես Շամախու շրջակայքը։ Եվ այդ բոլորը հիշելով, ես սկսում էի հիասթափվել ռազմավիրական ճանապարհի վերաբերմամբ։
Դա առաջին օրն էր։ Երեկոյան հասանք Մլեթ կայարանը, ուր սովորաբար գիշերում են կաբրիոլետները։ Այժմ, երբ հիշում եմ մյուս օրվա զգացած իմ բարձր հաճույքը, որ պարգևեց ինձ բնությունը, հիշում եմ նաև այդ առաջին գիշերվա իմ կրած տանջանքը։ կայարանի սենյակները բռնված էին, իմ ուղեկից քաղաքագետը և ես ստիպված էին, սենյակ վարձել կայարանի վերնահարկի հյուրանոցում։ Դա ռազմավիրական ճանապարհի կառավարող հիմնարկության սյուրպրիզներից մեկն է։ Մարդ Թիֆլիսից մինչև Վլադիկավկազ 200 վերստ ճանապարհի համար ավելի է վճարում, քան Վլադիկավկազից մինչև Պետերբուրգ ավելի քան 2500 վերստի համար և կայարաններում գիշերելու տեղ չի գտնում, բայց երանի միայն ես դուրս մնայի, իսկ քաղաքագետ ուղեկիցս տեղ գտներ կայարանում։ Այն ժամանակ այդ մարդը ինձ այնքան չէր տանջիլ այդ գիշեր։ Սխալվեցի այդ մարդու հետ հյուրանոցում միասին վարձեցի սենյակ։ Նախ, նա մի լավ ինձ ջարդեց, ջարդուփշուր արեց իր քաղաքագիտությամբ և բարձր «հանրամարդկային գաղափարներով այնքան խոսեց և այնքան աշխատեց ինձ համոզել։ Երկրորդ