Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շրջաններում խլրտողներին ձեռք մեկնել, և խունկ է ծխել այնպիսիների առջև, որոնք քեֆի ժամանակ երբեմն բարեհաճում են իրանց սեղանի փշրանքով կերակրել ամեն մի անցորդի, որ երգում է «ողորմություն արեք անտուն, անտեր պարկապզուկիս, ես գիտեմ և՛ մրոտել, և՛ փառաբանել ում կամենամ»։

Խեղճ հայ լրագրեր, եթե իմանայիք, թե ինչ մարդկանցից է բաղկացած ձեր գավառական թղթակիցների մեծամասնությունը, երբեմն ինչ տեսակ գորտերի համար եք բաց անում ձեր ամեն ինչի համբերող, ամեն բան ընդունող էջերը, կարծում եմ, ինչ որ էլ լինեք, գոնե մի քիչ կվրդովվեիք և գուցե այն ժամանակ փոխանակ պարծենալու ձեր «կուսակիցներով», կամաչեիք։

Հազիվհազ կարողանալով մի քանի տող անսխալ գրել, մեր նորագույն հերոսը չի բավականանում գավառական թղթակցի համեստ պաշտոնով և ձգտում է մտնել հասարակական գործիչների շարքը։ Առաջին դեբյուտը նա տալիս է նավթաշխարհում, Սյունյաց երկրի մի գյուղի եկեղեցու օգտին հանգանակություն բանալով։ Գտնվում են միամիտ մարդիկ, որ հավատ են ընծայում մեր հերոսի ձեռքում գտնվող «կնքած և վավերացրած» մատյանին, նվիրում են մի քանի հարյուր ռուբլի։ Քիչ ժամանակից հետո «կնքած և վավերացրած» մատյանը բարձի տակ է մտնում, իսկ դրամը հալվում է մեր ջերմեռանդ եկեղեցասերի ջերմ ձեռներում...

Նվիրատուները մոռացության են տալիս այս փոքրիկ թյուրիմացությունը։ Բայց որովհետև աշխարհը առանց չար մարդկանց չի կառավարվում, նավթաշխարհում էլ գտնվում են չար մարդիկ, որոնք երևի անգործությունից դրդված հետևում են ուրիշների ամեն մի քայլին։ Մեկը այդ չար մարդկանցից մի օր մի ինչ-որ լրագրի մեջ հարց է բարձրացնում, «ուր գնացին Սյունյաց երկրի այսինչ եկեղեցու օգտին, այն ինչ թղթակցի ձեռքով հավաքված փողերը»։

Հարցը նեղն է գցում գյուղական եկեղեցու անվեհեր բարերարին։ Նա աշխատում է պատասխանել, չի կարողանում, կմկմում է, վերջը տեսնելով, որ անհարմար է չար մարդկանց մթնոլորտում ապրելը, տեղափոխվում է Թիֆլիս: