արտահայտվել է հեղինակին արժանի շնորհքով։ Ահա ինչու հեղինակը արժանացել է Թիֆլիսի բոլոր նկուղներում մի բաժակ օղիի։
Այսպիսով, մեր հերոսը մտնելով գրականության սրբազան տաճարը, ինչպես տեսնում եք, ոչ այն դռներով, որով ընդունված է մտնել, այլ, այսպես ասած, черным ходом ինքն իրան սկսել է համարել և՛ բախտավոր, և՛ տաղանդավոր։
Բայց, օ՛հ, փուչ աշխարհ, արդյոք կա՞ քեզանում մի տևողական երջանկություն ։ Սև մուտքով գրականության տաճարը մտած սևերես հերոսը շուտով ցույց է տալիս իր իսկական շնորհքը։ Եվ եթե կային մի քանի միամիտներ, որ կարծում էին, թե, իրավ, գոհար են գտել, այդ միամիտներն անգամ շուտով տեսնում են, որ իրանք չարաչար սխալված են եղել, որ կաչաղակին ապագա սոխակի տեղ են ընդունել, և հիասթափվում են։ Ո՜վ կարճատև բախտ։ Այս հիասթափման հետևանքը սարսափելի է լինում մեր հերոսի համար։ Սև մուտքով գրականության տաճարը մտածի վզակոթին տալիս և նույն սև մուտքով դուրս են վռնդում։ Սակայն նա դեռ մի քանի ամիս էլ այդ տաճարի նախասենյակում—լրագրության մեջ է մնում։ Անցնում են այդ մի քանի ամիսները, և նա այնտեղից էլ է վռնդվում, այս անգամ արդեն լրագրական դռնապանների ձեռքով։
Այնուհետև պարզվում են մեր հերոսի մի քանի ուրիշ սխրագործությունները, և բանն այնտեղ է հասնում, որ իր հարազատ ազգականներն էլ երես են դարձնում նրանից։ Այսպիսով, ինչպես մի ժամանակ նավթաշխարհի մթնոլորտն էր խեղդուկ, այժմ էլ Թիֆլիսի մթնոլորտն է խեղդուկ դառնում մեր հերոսի համար։
Նա ընկնում է մտատանջության մեջ. ի՞նչ անի, ի՞նչ գործով զբաղվի։ Գնա նորից գործակատա՞ր դառնա—այդ անտանելի է։ Տիրացո՞ւ ձեռնադրվի — այդ բոլորովին սազ չի գալ բանաստեղծի հռչակ վայելելու փափագով այրվող մի ավանտյուրիստի։ Ուսուցչի պաշտո՞ն հանձն առնի։ Բայց, նախ, ով կտա նրան պաշտոն, երկրորդ՝ ի՞նչ է ուսուցիչը իրոք։ Մի համեստ արհեստավոր, որ կանգնած է հասարակական կյանքի վերջին աստիճաններից մեկի վրա և որը ոչ մի