նրան հաջողվում խաբել մարդկանց, շատ միամիտներ են ընկնում նրա թակարդը։ Երբ մի քաղաքում նրա դիմակը բացվում է, նա շտապում է հեռանալ ուրիշ քաղաք և այսպիսով երկու տարվա ընթացքում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ թափառելով, վերջը ապաստան է գտնում Դոնի ափերի մի քաղաքում, ապավինելով իրան մեր հայտնի բանաստեղծի հիշատակին։ Նա այդ հիշատակն էլ սկսում է հարստահարել։
Վերջապես նա կարողանում է Դոնի ափերի մի լրագրի խմբագրի թույլ երակը գտնել և միառժամանակ էլ այդ լրագրի էջերն է զարդարում։
Անցյալ ամառ, երբ ես այդ քաղաքով անցնում էի, ամենքը զզվանքով էին հիշում մեր խեղճացած հերոսին և բոլոր դռները փակված էին նրա առջև։ Բայց էլի նա դեռ ապրում էր այդ քաղաքում, որովհետև չապականված տեղ չէր թողել, ուր կարողանար դիմել։
Ես կարծում էի, որ գոնե Մոսկվա և Պետերբուրգ իմ ականջները ազատ կլինին այդ հերոսի քաջագործությունների պատմությունը լսելուց։ Բայց բանից երևաց, որ այստեղ էլ հայ չի մնացել, որ անձամբ կամ նամակներով խաբած չլինի մեր բազմակողմանի հերոսը։
Վերջերումս լսեցի այն, ինչ որ կարելի էր սպասել մի այդպիսի արարածից։ Դոնի ափերն էլ փշոտ համարելով իր բանաստեղծական գործունեության համար, նա ընտրել է իր համար մի նոր տեսակի բանաստեղծություն, ուր ստեղծագործողը վարձատրվում է թեև ընդհանուր զզվանքով, բայց և առատ նյութականով։ Այստեղ արդեն Պոլսի մի առ մի մյուս աշխարհը ուղարկվող հայտնի հերոսները կարող են ուրախանալ, որ իրանց դափնիներին նախանձողներ գտնվում են նաև ռուսահայերի մեջ...
Այս է ընդհանուր գծերով այն նորագույն պարազիտը որ ծնվել է մեր ժամանակակից հասարակական կյանքի ասպարեզում։ Տիպը բավական բնորոշ է։ Ես տիպ եմ համարում իմ համառոտ նկարագրած հերոսին, որովհետև նա առանձնակի երևույթ չէ, այլ նորերումս բավական ընդհանրացած մի ախտ։