— Հիմա ինչևիցե, երկուսը առել եմ, մեկը ինձ, մյուսը ձեզ համար, անպատճառ պիտի գաք։
— Ո՛չ, ես գալ չեմ կարող։
— Բաս տոմսակնե՞րը, — ասաց Պետր Ստեփանիչը կատակով։
— Տվեք ձեր ընկերներին։
— Ընկերներ չունիմ, Կատերինա Կարլովնա, ես մենակ մարդ եմ այս աշխարհում, նոր եմ ուզում ընկեր ձեռք բերել, — ասաց Պետր Ստեփանիչը, կեղծությամբ փոխելով յուր ձայնն ու դեմքը, որպեսզի օրիորդի գութը շարժի դեպի ինքը։
Սակայն Կատերինա Կարլովնայի դեմքի վրա նա չնկատեց ոչինչ փոփոխություն։ Նա տեսավ նույն անտարբերությունը, նույն սառնությունը, ինչ որ առաջ էր։
— Այսպիսի քաղաքում ձեզ նման հարուստ մարդը շատ հեշտությամբ կարող էր ընկերներ ունենալ, — պատասխանեց օրիորդը, չնայելով նրա երեսին։
— Մենակ եմ, մենակ, Կատերինա Կարլովնա, ա՛խ, եթե իմանաք իմ ցավը։ Ես ունիմ շատ ծանոթներ, բայց ոչ ոքի հետ բարեկամություն անել չեմ կարող։
— Ինչո՞ւ։
— Որովհետև այստեղի մարդիկ անքաղաքավարի են, նրանց հետ ես չեմ սիրում ընկերանալ։
— Դուք ի՞նչ տեղացի եք, ներեցեք հարցնել։
— Ես կովկասցի եմ, Շուշումն եմ ծնվել։ Բայց շատ երկար ժամանակ ապրելով Մոսկվայում, Պետերբուրգում, մոռացել եմ Կովկասի կյանքը։ Ես սովորել եմ ընկերություն անել կրթված, լուսավորված, թատրոններ, օպերաներ գնացող մարդկանց հետ։ Այստեղ չկան այնպիսի մարդիկ, այստեղ ամենքը միայն մի բանի վրա են մտածում, այն է` փող աշխատել, և սրա համար փչացնում են իրանց կյանքը։ Գործարաններում, հորերի վրա, նավթի և կեղտի մեջ կորած, մագազիններում չիթ ու կտորի փոշու մեջ խեղդվում են, տքնում են գիշեր ու ցերեկ, որ ինչ է իրանց գրպանները լեցնեն։ Լեցնում են և չեն իմանում ինչպես ծախսեն փողերը, ինչպես ապրեն, որովհետև լուսավորություն ասած բանը չեն հասկանում, որովհետև կրթված չեն։ Աշխարհ են շրջել, բայց ոչինչ չեն