ժպիտ, բայց նա զսպելով յուր վրդովմունքը, կրկին առաջարկեց։
— Ի՛նչ ես մեխված մնացել, Կատյա, ախար քեզ է առաջարկում Պետր Ստեփանիչը։
Կատյան լուռ էր տակավին։ Պետր Ստեփանիչը բանալին հանձնեք Մարիա Իվանովնային, յուր դեմքը քիչ թթվացնելով։
— Շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Աստված ձեր մինը հազար անի, Պետր Ստեփանիչ, ձեր լավությունը հավիտյան չենք մոռանալ։ Կատյա, դու հրավիրիր Պետր Ստեփանիչին սենյակ, քիչ խոսեցեք, ես գնամ կոֆե պատրաստեմ այս րոպեիս։
— Դու մնացիր, մամա, ես կպատրաստեմ։
— Չէ, չէ, ինչ ես խոսում, դու ե՞րբ ես կոֆե եփել, որ հիմի թողնեմ․ նստիր այստեղ, ես այս րոպեիս․․․
Կատերինա Կարլովնան ակամա համաձայնվեց և Պետր Ստեփանիչին հրավիրեց ներս։ Նա մոտեցավ կարի մեքենային և սկսեց շարունակել յուր ընդհատված գործը, առաջարկելով Պետր Ստեփանիչին նստել։
Պետր Ստեփանիչը նստեց լուռ ու մունջ, ագահությամբ նայում էր օրիորդին, որը գլուխը խոնարհեցրած, գործում էր նույնպես լուռ ու մունջ։ Նա կամենում էր խոսել, բայց չգիտեր ինչի մասին խոսեր և ինչպես սկսեր։ Այդ տևեց մի քանի րոպե։ Վերջապես նա յուր աթոռը վերցնելով, մոտեցավ օրիորդի սեղանին և վստահացավ ընդհատել անտանելի լռությունը։
— Կատերինա Կարլովնա, այս գիշեր կլուբում լավ կոնցերտ է լինելու, ես եկել եմ ձեզ հրավիրելու։ Կհամաձայնե՞ք ինձ հետ միասին գնալ, տոմսակներ էլ վերցրել եմ։
— Ոչ, ներեցեք, չեմ կարող, շատ հոգնած եմ, մի ուրիշ անգամ կգամ, — պատասխանեց Կատերինա Կարլովնան այս անգամ բավական մեղմությամբ։
— Այժմ ուշ է հրաժարվելը, տոմսակները գնված են, — ասաց սիրտ առնելով Պետր Ստեփանիչը, թեև դարձյալ սուտ, որովհետև նա տոմսակներ դեռ չէր գնել․․․
— Առանց ինձ հայտնելու զուր եք առել։