Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կարդում էի, — պատասխանեց օրիորդը նվազած ձայնով, որի մեջ զգացվում էր նրա ներքին վիշտը։

— Էլի ռոմա՞ն, քեզի քանի անգամ ասել եմ, որ ռոմաններ կարդալը վնաս է, տես, ախար ինչպես բլեդնիացել ես։

— Ռոման չէ, պապա, Կատյան տերտեր է դառել, ավետարան է կարդում , — մեջ մտավ Արտեմ Կարլիչը, որ նույնպես եկել էր ներս քրոջ հետ, յուր հոր ձայնին։

— Ավետարան, հա՛, լավ ես անում, բայց ի՞նչ կարդալու վախտ է, կիրակի օրը պսակդ է, տվալետդ պատրաստիր։ Հա՛, Կատյա, դուշա մայա, ժենիխիդ տեսե՞լ ես, հավանո՞ւմ ես։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն գլուխը թեքելով կրծքին մի խորը հառաչանք արձակեց։

— Լավ է, մի՛ ամաչիր, մի՛ կարմրիր, իմացա, հավանում ես. ո՛վ չի հավանի Սմբատին։

— Ես էլ եմ հավանում, պապա, — դարձյալ մեջ մտավ Արտեմը։ Երեկ ծովի վրա նրա հետ նավակով ման եկանք։ Շատ լավ տղա է։

— Լսո՞ւմ ես, նո՞ւ, լսո՞ւմ ես, Մարիա, Արտեմն էլ է հավանում, դո՞ւ ինչ ես ֆորսիյտ անում։

— Ինչու չի հավանիլ, չէ որ Արտեմն ինքն էլ Սմբատի նման մեկն է։

— Ինձ չե՞ս հավանում, մամա, ես ի՞նչ վատ տղա եմ։

— Վատ չես, բայց մի մեծ բան էլ չես։

— Նու, նու, նու, հերիք է, քիչ երկարացրեք, ինքը Կատյան հավանում է յուր ժենիխին պրծավ ու գնաց, այնպե՞ս չէ, Կատյա։

— Ինչպես կամենում եք, այնպես արեք, — պատասխանեց Կատերինա Կարլովնան։

— Այդպես, շատ ապրես, շատ ապրես, Կատյա։ Նո՛ւ, Մարիա, ինչ որ հարկավոր է, էգուց ասիր, որ առնեմ, էնդուր որ Պետր Ստեփանիչը վռազում է։ Երեկ ինձ երկու հարյուր մանեթ փող տվեց պոկուպկաներ անելու։

Մարիա Իվանովնան կրկին սկսեց հակառակել։ Նա ասաց, թե այդքան շտապել հարկավոր չէ, թե ավելի լավ է սպասել, գուցե Կատյայի համար մի ուրիշ ավելի լավ փեսացու է ճարվելու, թե Կատյայի անունն արդեն տարածվել է և ամենքը գովում են, թե