Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կատերինա Կարլովնան և Արտեմ Կարլիչն իրենց սենյակներում էին։ Վերջինը զբաղված էր ինչ-որ հաշիվներով, որոնց պիտի ներկայացներ Պետր Ստեփանիչին։

— Քեզ ասում եմ, բանը մի՛ երկարացնի, ետը լավ չի գա հա՜ աա՛, — շարունակում էր համոզել յուր ամուսնուն Կարլ Մարկիչը — Կատյան ինքը սոգլասնի է, էլ ի՞նչ ես ուզում։ Նո՛ւ, բանը պրծած է, էգուց պիտի օբրուչիյտցա անենք, հինգ օրից հետո էլ պսակենք, էնդուր, որ Պետր Ստեփանիչը վռազում է․ եկող շաբաթ օտպրավիյտցա է լինելու Հաշխան, էնդից էլ յարմուրկա։

— Դու ինչ գիտես, որ Կատյան հոժար է, ես հարցնում եմ ոչինչ չի պատասխանում, լաց է լինում։ Չեմ իմանում խեղճ երեխիս ցավն ինչ է․ ամսից ավելի է, որ արյուն արտասուքի մեջ է, օրից օր հալվում, մաշվում է։

— Տկար է, տկար է․ ինձի Պետր Ստեփանիչն ասավ, որ այն երեկո պրոստուդիյցա իլել։ Ես էլ պույլսը տեսա երեկ, լիխորադկա ունի։ Աբա ինքն ի՞նչտեղ է։

— Նստած է յուր սենյակում տխուր ու տրտում, խոսեցնում եմ — չի խոսում։

— Կատյա, Կատյուշկա, դուշեչկա, մին եկ այստեղ, — գոչեց Կարլ Մարկիչը։

Ներս մտավ Կատերինա Կարլովնան։ Ո՜րքան փոխվել էր խեղճ օրիորդն այն չարագուշակ երեկոյից, ինչպե՜ս դեղնել ու մաշվել էր երկու ամսվա ընթացքում, նրա դեմքի նախկին թարմության և կայտառության հետքը նշմարվում էր միայն երկու փոքրիկ կարմիր բծերով, որոնք հազիվհազ պահպանվել էին սփրթնած այտերի վրա։ Նրա երեսի ոսկորները ցցվել էին, աչքերը թաղվել խոր փոսերի մեջ, շրթունքներն արյունաքամվել։ Փոխվել էին նույնպես նրա նախկին խրոխտ ու հպարտ գնացքն ու շարժվածքը։

Ներս մտնելով, նա թույլ և անլսելի քայլերով մոտեցավ պատի տակ դրած աթոռներից մեկին, վհատված և ուժաթափ ոչ թե նստեց, այլ միանգամից ընկավ նրա վրա։

— Այո՛, այդպես, Կատյա, ախար մի քանի օրից հետո պսակվելու ես, մեզ մոտ նստիր, որ քեզանից կշտանանք։ Ի՞նչ էիր անում այնտեղ։