մեջ իմ գործարանը երկու անգամ չէր այրվի։ Եթե դուք խիղճ և հոգի ունենայիք, ձեր կյանքը կզոհեիք և չէիք թողնի, որ ձեր աղին, ձեզ կերակրողին վնաս հասներ։
Լրաբերը լուռ էր․ նա գիտեր, որ Իվան Գրիգորիչի ինքնահավան բնավորությունը սաստիկ թշնամի է ուրիշների հակախոսության, նամանավանդ այսպիսի դժբախտության րոպեներում։
— Աղա, ֆայտոնը պատրաստ է,— ներս վազեց ծառան։
— Ես գնում եմ, դու էլ վազիր այս րոպեիս գործարան,— դարձավ աղան դեպի լրաբերը։
Մի քանի րոպեից հետո սևագույն նժույգներով լծված փառավոր կառքը, թանկագին, տաք մուշտակի մեջ փաթաթված Իվան Գրիգորիչին տանում էր գործարան։
Հյուսիսային քամին փչում էր, անձրևի կաթիլները, բռնի զորութենով զարկվելով կառքի պատուհաններին, կրկնապատկում էին Իվան Գրիգորիչի հուզումը։ Կարծես, բավական չէր մարդկանց չարամտությունը, մշակների անխղճությունը, բնությունն էլ մի կողմից էր գործ դնում յուր խստությունը, հակառակի նման հենց այս գիշեր բարձրացնելով ներհակ քամի հրդեհին ավելի ուժ տալու համար։
Այս բոլորի մասին Իվան Գրիգորիչը կառքի մեջ մտածելով այնչափ կատաղած էր, որ, կարծես, ահա ահա բարկութենից պիտի տրաքվի յուր գործարանի նավթակաթսայի պես։ Ժամանակ-ժամանակ, կառքի պատուհանից գլուխը դուրս բերելով, մտիկ էր անում հեռավոր կրակի լուսավորության և անհամբերությամբ հրամայում կառապանին քառորդ ժամում գործ դնել երկու կշտակեր և առույգ ձիերի մի ամբողջ շաբաթվա հանգստութենից ստացած ուժն ու զորությունը։
Հասնելով քաղաքի ծայրը, կառապանը մի անգամ ևս մտրակեց ձիերին, և կառքն անհետացավ գիշերային խավարի մեջ։ Իսկ լրաբերը, դուրս վազելով փողոց առանց վայրկյան հապաղելու, ճանապարհվեց դեպի գործարան։ Նա չպիտի ուշադրություն դարձնի ոչ քամու, ոչ անձրևի վրա․ նրան հրամայված է ինչպեսևիցե շուտ տեղ հասնել։ Նա չի կարող ուշանալ․ այսպիսի րոպեներում ամենաչնչին թուլությունը մշակի կողմից աղայի աչքում մեծ հանցանքի է փոխվում։