Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այրվող գործարանը քաղաքից երեք վերստ հեռու էր գտնվում։ Լրաբերը ճանապարհը կարճելու համար ծովի ափով էր գնում։ Լայնատարած ծովի ալիքների շփշփոցը գիշերվա խավար մթնոլորտի մեջ տարածվելով, անախորժ, երկյուղալի տպավորություն էր անում մարդու վրա։ Ո՛չ մի շնչավոր արարած, ո՛չ մի կենդանի առարկա չէր երևում ծովափում, բացի այդ սև և վիթխարի մարդուց, որ գիշերվա ուրվականի նման հսկայական քայլերով շտապում էր դեպի առաջ, խորը ավազի մեջ թաղելով յուր ոտները։ Հանկարծ նա կանգնեց, կարծես, մի բան մտաբերելով և, երկու ձեռները մեքենաբար խփելով ճակատին, մի րոպե անշարժ մնաց։

― Տեր աստված, եղբայրս և փոքր որդիս հրդեհից քիչ առաջ պառկել էին քնելու․․․ բայց ո՞րտեղ․․․ այո՛, այո՛․․․ հիշում եմ, հենց այն կողմում․․․ ուր որ կաթսան տրաքվել էր․․․ Նրանք, չդիմանալով մեր ընդհանուր սենյակի ցրտին, այս գիշեր տեղափոխվել էին կաթսաների բաժինը` վառարանի մոտ քնելու։ Տեր աստված, ի՞նչ կպատահի նրանց, եթե ժամանակին չեն զարթնել․․․ այրվող նավթը ուղղակի նրանց կողմն էր դիմում․․․․ նրանք աչքովս չընկան։

Երկնակամարը կրակի լուսից շառագունել էր, քամու զորութենից բոցը կատաղաբար այս ու այն կողմն էր տարածվում․․․ ամբողջ Սև քաղաքը ծխի մեջ թաղվել էր։ Լրաբերը սկսեց յուր հոգնած ոտներին ուժ տալ։

Տեղ հասնելով, Իվան Գրիգորիչի առաջին հայացքը հազիվ կարողացավ ճանաչել կրակի և ծխի մեջ կորած գործարանը։ Սև քաղաքի հասարակությունը պատել էր հրդեհը, շուրջը կազմելով մի օղաձև շրջան, որի մեջտեղը այրվում էր մի ընդարձակ խարույկ։ Այս ու այն կողմերից վազում էին մարդիկ, որոնց մրոտ դեմքերի վրա ոչինչ զարմացման նշաններ չէին նկատվում։ Այդպիսի և սրանից ավելի զորեղ հրդեհներ նրանց համար սովորական դեպքեր են։

— Աստված սիրեք․․․ մոտեցեք․․․ օգնեցեք․․․ մի՛ վախենաք․․․ ես փող կտամ, կվարձատրեմ օգնողներին,— եղավ Իվան Գրիգորիչի