Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր այդ թերթերը, այն ձեռը, որ անշունչ առարկայիդ բերանը լեզու է դրել, որպեսզի այսօր այդ լեզվով անեծք կարդացվի նույն այդ ձեռը բանացնողի դեմ։ Եվ ի՞նչ ես դու, զզվելի թղթի կտոր։ Ի՞նչ ես դու և ի՛նչ են ահա սրանք (Քամալյանը ձեռքը մեկնեց դեպի մեծակազմ գրքերը), որոնք խաբում են մարդկությանը, բախտավորություն են խոստանում, իսկ հետո դառնություն և կսկիծ են տալիս այդ բախտավորության փոխարեն։ Բայց ո՛չ, դուք, թղթեր, մեղավոր չեք․ մեղավոր են դարձյալ նրա նման զզվելի կենդանիները, մեղավոր է մարդ կոչված ստոր արարածը։ Այո՛, մեղավոր են նրանք, որոնք սևացնելով իրանց կեղտոտ մատներով ձեր լույսի նման մաքուր երեսը, հավաքում են ձեզ միասին, սփռում են աշխարհի չորս կողմերը — նրա նման անօգուտ արարածների թիվը ավելացնելու և մարդկության թշվառությունը բազմապատկելու համար։

Մտաբերում է նա, երբ յուր պատանեկության օրերում, վարակված ընկերակիցների սովորությունից, ահա այդ սևացրած թերթերից մի կապ դրած առջևը, ժամերով կարդում էր, մայրը միշտ կրկնում էր․ «որդի, խնայի՛ր քեզ, սիրտդ մի՛ մաշիր այս գիր ու գրյանքով»։ Այն ժամանակ մոր այդ խոսքերը նրան ծիծաղեցնում էին։ Նա զվարճանում էր այդ կնոջ միամտությամբ, որ չգիտեր «Գիր ու գրյանքի» արժանավորությունը, նրանց օգտակարությունը։ Տասը տարի է անցել այդ ժամանակից, նրա մայրն արդեն մեռած է, և այժմ Քամալյանն ուրիշ կերպ է հասկանում նրա խոսքերը։ Նրա մայրը միամիտ չէր, ոչ, այլ ինքն էր հիմարը, որը նրա տգետ խոսքերի մեջ թաքնված խոր իմաստությունը չգիտեր։ Այո՛, չգիտեր, խորասուզված ընթերցանության մեջ, ոչինչ ուրիշ բան չէր ուզում հասկանալ, ոչնչի և ոչ ոքի չէր հավատում, բացի նրանից, ինչ որ ասում էին այս «գիր ու գրյանքը»։ Այսօր ամեն ինչ անցած է, այլևս մայրը նրա կողքին նստած չէ, և նա չի կարող, նրա խրատը կատարելով, մխիթարել նրան։ Այժմ ուշ է, ամեն բան վերջացած է, և նա․․․

Մի ուժգին ապտակ տալով ճակատին Քամալյանը վեր թռավ աթոռից և սեղանից վերցնելով մի ծխախոտ, վառեց ու սկսեց ծխելով հետ ու առաջ շրջել։ Նա ավելի ու ավելի գունատվում էր, մտաբերելով