մարդու և անբարոյականի կյանքն ունի որևէ հենարան։ Ամեն մարդ ձգտում է հասնել յուր ցանկացածին, և ահա այդ ցանկացածին հասնելու հույսն է, որ պահում է յուրաքանչյուրի գոյությունը։ Հակառակ դեպքում, նա չի կարող ապրել, կանհետանա, կշոգիանա յուր անբովանդակ կյանքի անբովանդակ տարածության մեջ։ Բայց ի՞նչ է նա։— Ոչինչ․ դատարկ տարածություն, եթերական էություն։
Քամալյանը բարձրացավ աթոռից, որ դրած էր փոքրիկ, հնամաշ գրասեղանի քով։ Այդ սեղանի վրա դարսված էին անկանոն կերպով զանազան բովանդակության, մեծ ու պստիկ, կազմած ու անկազմ գրքեր, լրագրերի թերթեր, մի քանի գրչակոթեր, մի հայելի և ուրիշ հարկավոր ու անպետք իրեղեններ։ Իսկ սեղանի առաջի կողմում, աթոռի դեմ ընկած էր մի բաց ձեռատետր։
Այս — Քամալյանի հիշատակարանն էր։
Փոքրիկ ապակյա հասարակ կանթեղն աղոտ կերպով լուսավորում էր նեղ և ցածր առաստաղով սենյակը։ Ձեռները դնելով վարտիքի գրպանները, գլուխը թեքելով դեպի կուրծքը, Քամալյանը սկսեց քայլել սենյակի մի անկյունից դեպի մյուսը, հետ ու առաջ։ Նրա դեմքը գունատ էր, նրա պայծառ ճակատը կորցրել էր յուր պարզությունը և ծածկվել այնպիսի կնճիռներով, որոնք երևում են միայն տարիքն առած մարդկանց ճակատի վրա։ Բարակ սևագույն հոնքերի տակից նայող մուգ աչքերը, զրկվելով իրանց նախկին կրակոտ փայլից, ընկել էին խոր խորշերի մեջ։ Երկու խոշոր գծեր այդ աչքերը բաժանում էին սփրթնած երեսի մյուս մասից։
Մի քանի րոպե լուռ ու մունջ շրջելուց հետո, Քամալյանը կրկին մոտեցավ սեղանին։ Նա սկսեց թերթել սեղանի վրա դրած ձեռատետրը, երբեմն ձեռը տանելով ճակատին և հետ դարսելով երկայն, փայլուն ու կակուղ մազերը, որոնք շուտ-շուտ ցրվում էին առաջ։
— Հեռացի՛ր աչքիցս,— գոչեց նա հանկարծ, հիշատակարանը ձգելով սեղանի մի անկյունը։
Այն ավելի կրկնապատկում էր նրա վշտերը, երբ աչքի առջև էր։ Այն հիշեցնում էր նրան յուր պախարակելի անցյալը, պատկերացնում էր նրա առջև մի դատարկ, մի հիմար կյանք, և ինքն իսկ քննադատում այդ կյանքը։ Պիտի չորանար այն ձեռը, որ գրել