Եվ Քամալյանը կրկին սկսեց շրջել։
Փոքրիկ սենյակը լցվել էր ծխախոտի ծխով։ Վառարանի մեջ այրվում էին փայտի վերջին կտորտանքը։
— Հույս,— ահա ի՞նչ է հարկավոր ինձ, ահա ինչի բացակայությունն է թունավորում իմ կյանքը։ Բայց ո՞րտեղից գտնել հույս, և ո՞ւր է նա, ի՞նչպես կարող է նա նորից վերադառնալ իմ մեջ, քանի որ նա միանգամայն, այո՛, միանգամայն մեռած է․․․
Այս խոսքերը Քամալյանն արտասանեց ավելի բարձր ձայնով։ Հետո նա յուր մռայլ, ցրված հայացքը ուղղեց դեպի վառարան և սկսեց անթարթ աչքերով նայել կրակին։ Մի տեսակ դառն ժպիտ էր խաղում նրա շրթունքների վրա այդ ժամանակ։
Ահա վառարանի մեջ այրվում է անտառից բերված փայտը։ Սրանք ևս, այդ անշունչ փայտի կտորտանքն ևս, անօգուտ չեն։ Քանի որ լուռ անտառի մեջ էին, այնտեղ նրանք կազմում էին ահագին կանաչազարդ ծառեր բազմաթիվ ճյուղերով և անհամար տերևներով։ Այդ մի բախտավորություն է։ Նրա ճյուղերի շվաքի տակ հանգստանում էր հոգնած հովիվն յուր փոքրիկ գառնուկների հետ, նրա գագաթում ուրախ-ուրախ թռչկոտում և զվարճանում էին անթիվ թռչնակներ։ Որքա՜ն, երևի, բախտավոր էր զգում իրան ծառն այդ ժամանակ, որչա՛փ նա հպարտանում էր, զգալով յուր օգտակարությունը թե՛ մարդուն և թե կենդանիներին։ Սակայն, ապերախտ է մարդը։ Ի՞նչ վճարեց նա բարեսիրտ և օգտավետ ծառին նրա վեհանձնության փոխարեն։ Նա, այդ երախտամոռ արարածը, կացնի սուր բերանն յուր կեղտոտ և զզվելի ձեռներով ուղղեց ծառի ամուր և հաստ բունին։ Տնքաց այդ վեհանձն մարդասերը, յուր սրտի խորքից անիծեց ապերախտ մարդուն, ճռճռաց և, մի դառն հառաչանք արձակելով, թավալվեց գետին։ Ծառը մեռավ, բայց մահից հետո ևս նա չկորցրեց յուր օգտակարությունը։ Նրա մարմնի փշրանքներն ահա այսօր ձմեռվա սառնությունից պաշտպանում են մի զզվելի մարմին։ Գյուղական խրճիթում նրանք տաքացնում են աղքատ շինականի և նրա փոքրիկ զավակների ձյունից ու բուքից քարացած մարմինները։ Հարուստի պալատում նրանք դուրեկան ջերմություն են պարգևում փարթամներին։ Իսկ նա, անբախտը, նա է միայն ավելորդ մարմին աշխարհի երեսին։ Որքա՜ն դժբախտություն,