Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալով պատին, դարձյալ խորասուզվեց յուր դառն մտածողության մեջ։

— Հարկավոր է, հարկավոր է անպատճառ դուրս գալ այդ ծանր մտքերի լաբիրինթոսից,— դարձյալ սկսեց խոսել նա ինքն իրան։— Այո՛, հեշտ է ասել, հարկավոր է ազատվել այդ ծանր մտքերից, բայց կատարել․․․ հըմ․․․ Թշվառ արարած, զգացի՛ր քո ոչնչությունը, անիծի՛ր ինքդ քեզ, ուրիշ մխիթարություն չունիս։ Չէ՞ որ դու ամեն ինչ փորձեցիր, և ի՞նչ հաջողություն գտար։ Գրականություն, ուսուցչություն և ուրիշ սույնանման շավիղներ դու ոտք ես կոխել, ինչո՞ւ ուրեմն չկարողացար այդ շավիղներից մեկի վրա երկար շարունակել քո ընթացքը։ Չէ՞ որ դու մինչև անգամ ուզում էիր արհեստավոր, նույնիսկ հասարակ բանվոր դառնալ, ինչո՞ւ այստեղ ևս չկարողացար երկար մնալ։ Ո՞վ էր քեզ արգելում, ի՞նչն էր խոչընդոտ դնում քո առջև։

— Ո՞վ էր արգելում, ի՞նչն էր խոչընդոտ դնում իմ առջև,— կրկնեց Քամալյանն ինքն իրան։

— Ինքդ և ուրիշ ոչ ոք, քո խոչընդոտը պարունակվում է հենց քո մեջ, — շշնջաց նրան նույն ներքին ձայնը։— Որոնիր և կգտնես, հարցրո՛ւ քո հիվանդ նյարդերից, քո դյուրագրգիռ զգացմունքներից, հարցրու քո թույլ կամքից, անհիմն ու անհաստատ բանականությունից, և նրանք կասեն քեզ։ Դու ամեն տեղ որոնում էիր այն, ինչ որ քեզ համար հնարավոր չէր գտնելու, և, որոնածդ չգտնելով, հուսահատվում էիր ու թողնում քո ընտրած ճանապարհը։ Դու դեռ գործը չսկսած, նրա վերջի, նրա հետևանքի մասին էիր դողում, և այդպես անում էիր դու ամեն անգամ, բոլոր ասպարեզներում։ Քո խելքի և զգացմունքների մեջ երբեք ներդաշնակություն չի եղել — ահա՛ քո ցավը, քո խոչընդոտը, քո արգելքը։ Դու չգիտեիր և այժմ իսկ չգիտես այն նշանավոր իմաստասերի խոսքերը, թե «կյանքը կոմեդիա է մտածողի համար, իսկ դրամա — զգացողի համար»։ Քեզ համար նա դրամա է եղել, ուրեմն թող կատարվի այդ դրաման մինչև վերջը։

— Ճշմարիտ է։

— Խմի՛ր, ուրեմն, քո դառնությունը մինչև բաժակի հատակը։

— Խմե՞լ, այո՛, կխմեմ և մի կաթիլ անգամ չեմ թողնիլ նրա մեջ։