Էջ:Shirvanzade I hator.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջին բացականչումը, որ գլխակոր վազելով ամբոխի միջից ձգտում էր դեպի կրակը։

— Մի՛ մոտենաք, աղա՛․․․ առաջ մի՛ վազեք, վտանգալի է,— գոչեցին այս ու այն կողմից ամբոխի միջից, հետ մղելով նրան։

Բոցը երկու զորեղ մասերի էր բաժանվել։ Մեկը դուրս էր գալիս միհարկանի տան փլատակված կտուրից, դռներից ու պատուհաններից։ Այրվում էր յուղ մաքրելու բաժինը։ Մյուսը — տասն ու հինգ քայլ հեռավորութենում մի գետնափոր շինության միջից դուրս ձգվելով, սրընթաց բարձրանում էր ամբողջ շինության տարածության չափով։ —Բոցավառվել էր նավթային մնացորդի պահեստը։ Իսկ այս երկու բոցաշտարակների մեջտեղը ներկայացնում էր կատարյալ իրական դժոխք։ Այս — կաթսաների բաժինն էր, որտեղից առաջին անգամ կրակը սկսվելով տարածվել էր․ ո՛չ մի առարկա կրակի ճանկերից չէր ազատվել։ Բացի մի քանի երկաթե կաթսաներից, որոնք իրանց միջի դյուրաբորբոք, կիսապատրաստ-ֆոտոգենի հանկարծակի բոցավառության ճայթումից պատռվելով այս ու այն կողմ էին գլորվել — ամեն ինչ մոխիր դառնալու վրա էր։

Խորտակված պատերի ճեղքերից թանձր ու սև ծուխը դուրս գալով, ոլոր մոլոր պտուտներով միանում էր բոցի լայնաշրջան աշտարակի հետ, ինչպես փոքրիկ գետակները հոսում են ընդարձակ գետի մեջ, զորացնելով նրա կատաղի ընթացքը։

Գործարանի բակը ծածկված էր խառնիճաղանջ ամբոխով․․․ ոտ դնելու տեղ չկար։ Իվան Գրիգորիչը բազմության առաջ կանգնած կարգադրություններ էր անում։ Ամբոխի միջից մի քանիսը զանազան խորհուրդներ էին տալիս նրան։

— Այդ միջոցներով անհնարին է բան առաջացնել, հարկավոր է Նոբելի գործարանից հրաշեջ նասոսներ բերել տալ,— ասում էր մեկը։

— Այո՛, այո՛, միայն Նոբելի գործիքները կարող են այդ կրակին հաղթել,— ավելացնում էր մի ուրիշը։

Սրանք հարևան գործարանատերերն էին, որոնք ոչ այնքան Իվան Գրիգորիչի մասին էին հոգում, որքան վախենում էին, որ միգուցե հրդեհը մինչև իրանց գործարանները հասնի։