Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և բոցի հետ, կազմել էին նրա առաջ մի անթափանցելի խավար տարածություն։

Հանկարծ ամեն ինչ պարզվեց, և նրա առաջ բացվեցավ մի սոսկալի տեսարան։ Այս ու այն կողմ թավալվել էին թվով մինչև վեց մշակների դիակներ։ Երևում էին նույնպես և ոտքի վրա մի քանի ուրվականանման պատկերներ, որոնցից մեկը, բոցավառված, խելագարի պես այս ու այն կողմն էր վազվզում, բացականչելով․

— Օգնեցեք․․․ հայ քրիստոնյաներ․․․ օգնեցեք․․․ խղճացեք․․․ մարմինս այրվում է․․․ շո՛ւտ․․․ շուտ հող ածեք վրաս․․․ ջուր․․․ ջուր․․․ ջուր․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ աստված, այրվում եմ․․․

Սա — տարիքը անցկացրած մի ծերունի էր, որի դյուրաբորբոք ցնցոտիները բոցավառվել էին և խաշում էին նրա մարմինը կենդանի-կենդանի, ինչպես միջնադարյան ինկվիզիցիայի թշվառ զոհերից մեկին։

Իվան Գրիգորիչը երեսը շուռ տվեց․ նրա նրբացած նյարդերը անզոր էին դիմանալ մի այդպիսի այլանդակ պատկերի։ Ամբոխի միջից շատերը սիրտ առնելով վազեցին առաջ։ Ուժեղներից մեկը ոտի մի զորեղ հարվածով բոցավառված ծերունուն գլորեց գետին մնացյալները սկսեցին այս ու այն կողմից հողով ծածկել նրա մարմինը, կիսակենդան թաղելով ողորմելի զառամյալին։ Այս միակ միջոցն էր, որով միայն հնարավոր էր հանգցնել նրա այրվող ցնցոտիները։

— Խաշվեցի․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ․․․ այրվեցի․․․ խուլ ձայնով հառաչում էր ծերունին հողի տակից։ Նրա դեմքն այնչափ այլանդակվել էր, որ ներկա եղողներից շատերը կես սարսափով և կես զզվանքով ծածկում էին իրանց աչքերը նրան չտեսնելու համար։

— Ուֆ․․․ ա՛խ աստված, շո՛ւտ առ հոգիս․․․ ազատիր տանջվելուց․․․ մի՛ չարչարիր, — շարունակում էր ծերունին, թավալվելով հողի տակ։ Բայց որդիս․․․ ու՞ր է որդիս․․․ կինս․․․ որդիքս, աղջկերքս․․․ ջուր․․․ ո՛ւֆ սիրտս․․․

Վերջին խոսքերն արտասանելիս ծերունու ձայնն աստիճանաբար փոխվում էր, հետզհետե թուլանալով։

— Այստեղ եմ, այստեղ․․․ գոռաց մի տասնևութ քսան տարեկան