Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երիտասարդ, ձախ ձեռքի վրա հենած յուր աջ թևը, որի այրված, կաշին պլոկվելով մերկացրել էր կարմիր միսը։— Ա՛խ․․․ կծկծում է սիրտս․․․ ո՛ւֆ, աստված սիրեք, մի մոտենաք թևիս․․․ նա այրվում է․․․ կծկծում է։

— Հեռացի՛ր, թշվառ, մի՛ մոտենար հորդ․ քեզ տեսնելով խեղճ ծերունին կսկծից կմեռնի,– բացականչեցին ամբոխի միջից։

― Բեյբութ․․․ Բեյբութ․․․ եկ, այստեղ եմ․․․ մոտեցիր, մեռնում եմ․․․ օ՛հ․․․ օ՛հ․․․ պապակվեցի, — բացականչեց ծերունին, կամենալով ոտքի կանգնել։

Մի քանի վայրկյան հայր ու որդի չկարողացան ճանաչել իրարու։ Ծերունու ալևոր միրուքը խանձվել էր և երեսում կուչկուչվել։

— Ամա՛ն․․․ այդ ինչ օրի ես ընկել, ափի,— ասաց որդին, խելագարի պես արձակվելով ծունկերի վրա թավալվող ծերունու վրա։

Մի վայրկյան ծերունին մոռացավ յուր այրված մարմնի կսկիծը և երկու ձեռներով մեքենաբար փաթաթվեց որդու վզին։

Մինչդեռ սրանք հայր ու որդի հեծեծելով, գրկած իրարու, խմում էին ցավի և կսկծանքի լեղին, մի քանի քայլ նրանցից հեռու կատարվում էր ուրիշ տեսարան։

Իբրև դժոխային անդունդի հատակից, վեց դիաթավալ մշակների միջից լսվում էին սիրտ պատռտող մորմոքաձայներ, և այս չէին նմանվում մարդկային ձայների, այլ մորթվող անասունների վերջին բառաչումներին և հուսահատ թառանչքին։ Թավալվածներից երկուսն արդեն անշնչացած էին․ նրանց այրված ու այլանդակված դեմքերն այլևս չէին կրում իրանց վրա մարդկային դեմքի ոչ մի նշան, նրանց աչքերի բիբերը դուրս էին ցցվել ինչպես խորոված շագանակներ մոխրի մեջ։ Գլխի ու երեսի մազերի ու հոնքերի հետքեր անգամ չկային․ նրանց գլուխները նմանվում էին թեժ կրակի միջից դուրս բերած մսի կտորների։ Չորս մարդիկ աշխատում էին նրանց դիակները մի կողմ քաշել։

Մի քանի քայլ հեռու այդ դիակներից, մի երիտասարդ մշակ, նստած գետնի վրա, ձեռները հողի մեջ տրորելով, բացականչում էր․