Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քեզ, Գևորգ։ Հետևյալ առավոտ վճռեցի գնալ և Լիզայից բացատրություն պահանջել։

Սովորական ժամանակն էր, երբ ես մտա նրա մոտ։ Բարեբախտաբար, նա մենակ էր։ Մարտին Բուղդանիչը կլուբում լրագրեր էր կարդում, իսկ Եվգենյան իր լպստածի հետ չգիտեմ ինչ տեղ էր կորել։ Լիզան ընդունեց ինձ սառնությամբ և, հազիվ իր մատների ծայրերը շփելով ձեռիս, հրավիրեց նստել։ Ես վճռեցի իսկույն ևեթ սկսել։

— Լիզա, ես եկել եմ քեզանից բացատրություն խնդրելու,— ասացի ես։

— Ասա՛։

— Ի՞նչ էր նշանակում երեկվա քո վարմունքը։

— Ես չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել։

— Մի՛ թաքցնիլ, Լիզա, ուղիղն ասա, ինձ սիրո՞ւմ ես։

Լիզան լռեց։

— Չե՞ս սիրում, նրա՞ն ես սիրում։

Լիզայի դեմքը շառագունեց։ Ես այնքան հուզված էի, որ Սեթյանի անունը չէի կարող հիշել։

— Սիրո՞ւմ ես, սիրո՞ւմ ես նրան,— հարցրի ես, բռնելով նրա թևը։

— Ո՞ւմ համար ես ասում,— հարցրեց, վերջապես, Լիզան, թևը վրդովված խլելով ինձանից։

— Սեթյանի,— պատասխանեցի, հազիվհազ կարողանալով արտասանել այդ չարագուշակ անունը։

— Չգիտեմ ինչ հիման վրա ես դու այդպես կարծում։

— Հիմնվելով երեկվա քո վարմունքի վրա։

— Օրինա՞կ։

— Դու ամբողջ ժամանակ նայում էիր նրա երեսին։

— Մի՞թե արգելված է մարդուն՝ նայել մարդու երեսին։

— Բայց ինչո՞ւ ինձ վրա չէիր նայում։

— Հա՛ հա՛ հա՛,— ծիծաղեց Լիզան։

Ես ավելի վրդովվեցի։

— Դու ծիծաղո՞ւմ ես ինձ վրա, Լիզա, դու ծաղրո՞ւմ ես ինձ,— ասացի ես, կրկին բռնելով նրա թևը։