Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաճախ տեսնվելուց։ Այս մտերմությունը երևան էր գալիս նամանավանդ այն ժամանակ, երբ Սեյրանը կամ Սուսանը կռվում էին իրանց ընկերակիցների հետ։ Այսպիսի դեպքերում մեկը պաշտպանում էր մյուսին, օրինակ, երբ Սեյրանը կռվում էր մեկի հետ, Սուսանը իսկույն հարձակվում էր նրա հակառակորդի վրա, յուր փոքրիկ ձեռքերով բռնում էր նրա արխալուղի փեշերը քամակից և բոլոր ուժով քաշում։ Այսպիսով նա նպաստում էր Սեյրանի հաղթության։ Իսկ երբ Սեյրանի հակառակորդների թիվը մեկից ավելի էր լինում, այդ ժամանակ Սուսանը անմիջապես վաղում էր Սեյրանի մորը հայտնելու։

— Մարիամ բաջի, Մարիամ բաջի, Սեյրանին երեխերքը սպանեցին, — ասում էր նա, արտասուքն աչքերում և հոզմունքից ամբողջ մարմնով դողդողալով։

Մարիամ բաջին իսկույն դուրս էր թռչում և կռվող մանուկներին իրարուց բաժանում։ Սույն պաշտպանությունը փոխադարձաբար ցույց էր տալիս Սեյրանը յուր կողմից Սուսանին, երբ վերջինին պատահում էր մեկի հետ կռվել։ Իսկ այս փոխադարձ պաշտպանությունը նրանց մյուս ընկերակիցների մեջ զարթեցնում էր նախանձ, որ շատ անգամ արտահայտվում էր բացարձակ թշնամությամբ։ Սուսանին և Սեյրանին ծաղրում էին, նրանց վրա ծիծաղում էին և պատահում էր մինչև անգամ, որ, ամենքը միանալով, հարձակվում էին նրանց վրա ու ծեծում։

Գյուլնազին վաղուց էր հայտնի այս ամենը։ Այս էր պատճառը, որ նա շուտ-շուտ նայում էր փողոց։ Մի առանձին ախորժելի, միևնույն ժամանակ դառն ժպիտ էր սահում Գյուլնազի երեսով ամեն անգամ, երբ նա հայացքը ձգում էր Սուսանի վրա։ Նա տեսնում էր, թե ինչպես փոքրիկի դեմքը բերկրությամբ փայլում է, երբ Սեյրանը մոտենալով նրան և ձեռք-ձեռքի տալով քաշում է խաղի ասպարեզը, որտեղից Սուսանը սովորություն ուներ շուտ-շուտ հեռանալ և քաշվել պատի տակ։ Նա տեսնում էր, թե ինչպես Սեյրանը հոնքերը կիտում էր ու դեմքը թթվացնում, երբ որևէ բանով անբավական էր լինում Սուսանը։

Այդ րոպեներին Գյուլնազի գլխով տեսակ-տեսակ մտքեր էին անցնում, և նրա մայրական քնքուշ սիրտը սկսում էր բաբախել