Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տայիր, այդ դժբախտությունը չէր պատահիլ ո՛չ քեզ, ո՛չ այդ խեղճերին։

Գործակատարը, որ Իվան Գրիգորիչին շվաքի նման հետևում էր ուր նա վազում էր, մոտեցավ նրան և ասաց․

— Իվան Գրիգորիչ, խորհուրդ եմ տալիս հեռու կենալ այդ չարամիտներից, ո՛վ գիտե, ձեզ ինչ վնաս կհասցնեն, նրանք մեր մշակների ընկերներն են, նրանք այժմ գազանացած են և աստված գիտե ինչեր են մտածում․․․

Բայց Իվան Գրիգորիչը բանի տեղ չէր դնում ո՛չ ամբոխի սպառնալիքը և ո՛չ էլ յուր գործակատարի խորհուրդը։ Նրա ուշքն ու միտքը կենտրոնացած էին միայն և միայն հրդեհի վրա, և նա ամբողջ մարմնով դողում էր, թե ահա կրակը հասնելու է ֆոտոգենով լի տակառների պահեստին, ուր մոտ հազար լի տակառներ կային։ Սակայն այս երկյուղն ավելորդ էր, հրդեհն այլևս այնպես սաստիկ չէր, ինչպես տասը րոպե առաջ։ Կարծես նա յուր վրեժն արդեն հանելով, կամենում էր հանգստանալ։

Քամին դադարել էր, բոցն այլևս կատաղաբար այս ու այն կողմ չէր տարածվում, այլ հանդարտ ու ուղիղ գծով բարձրանալով վեր, լուսավորում էր ներկա եղող ամբոխը, որը այրվածների շուրջը հավաքված, զանազան օգնություն էր հասցնում այդ խեղճերին։

Այդ ժամանակ վազելով ամբոխին մոտեցավ հանկարծ մի բարձրահասակ մարդ, որի դեմքի վրա նկատելի էին խորին հուսահատության և անորոշ երկյուղի նշաններ։ Նրա ծունկերը ծալվում էին և դժվարությամբ հնազանդվում նրա գնացքին։

Սա արդեն մեզ հայտնի լրաբերն էր։

— Թողեք․․․ թողեք, տեսնեմ ուր են․․․ ո՛ւր են որդիս․․․ եղբայրս․․․ աստված իմ․․․ նրանք ո՞ւր են․․․

Ամբոխը ճանապարհ տվեց նրան, և նա շտապով մտավ մեջտեղ։

— Ո՞ւր եք, որտեղ եք, խոսացեք․․․ Սարգիս․․․ Գասպար․․․ Ա՛խ, Բեյբութն է, եղբորս որդին․․․

— Ե՞ս․․․ այո՛․․․ բայց իմը ոչինչ, խեղճ հայրս, ծերունին․․․ նա մեռավ․․․ ահա նա․․․ մեռավ նա մինչև վերջը, յուր ընտանիքի