Էջ:Shirvanzade I hator.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


անունը հիշելով․․․ նա վերջին շունչը փչեց, քո անունը տալով․․․, «գոնե մինչև եղբորս գալը ապրեմ», ասում էր նա հոգին փչելով։

— Ո՞րտեղ է, ցույց տուր ինձ նրա դիակը, բայց որդիս որտե՞ղ է, Սարգիսը․․․

— Մի՛ մոտենար, աղաչում եմ, ձեռս, նա այրվում է․․․ կծկծում է․․․ մի՛ կպչիր ձեռներիս․․․ ուֆ։

Մի րոպե Մեհրաբը մնաց քարացած, նրա՝ արտասուքից չոր ու ցամաքած աչքերը մեքենաբար դառնում էին մերթ յուր ծերունի եղբոր, մերթ որդու, Գասպարի այրված ու կուչ եկած ձեռներին, մերթ յուր եղբորորդի Բեյբութի կաշվից մերկացած աջ թևի վրա։ Իսկ ամբոխի զայրացած ուշադրությունը նրա վրա էր։

Այս տարօրինակ դիրքում նրա ածխագույն դեմքն ու բարձր ու բարակ հասակը պատկերացնում էր մի մռայլ մարմարոնյա արձան, որի միայն բոցավառ աչքերն էին խանգարում ընդհանուր անշարժությունը։ Երեք սուր դաշույններ միաժամանակ ցցվել էին նրա կրծքի մեջ, որոնցից մեկը — եղբոր մահը թափանցել էր մինչև սրտի խորքը, խփելով արյունը գլուխը։

Հանկարծ նա սկսեց երկու ձեռներով ուժգին հարվածներ տալ յուր բաց, ալեխառն մազերով ծածկված գլխին։ Ամբոխի մեջ շատերի աչքերից արտասուքի կաթիլներ էին թափվում։

— Վայ․․․ բաս ես, ի՞նչ պատասխան տանեմ քո ընտանիքին․․․ ես ի՞նչ պիտի ասեմ կնոջդ։

Իվան Գրիգորիչը, լսելով այդ գոռոցը, մոտեցավ մի րոպե ամբոխին։

— Ի՞նչ ես այստեղ գոռգոռոց բարձրացրել, խելագար․․․ ի՞նչ բղավելու ժամանակ է․․․ գործարանս ձեռքից գնում է, դու այստեղ զռո՞ւմ ես․ վազիր, ասում եմ, օգնիր այնտեղ։

Մեհրաբը ոչինչ չէր լսում․ նա երեսնիվայր ընկած յուր եղբոր դիակի վրա բառաչում էր։ Ամբոխը մնաց զայրացած Իվան Գրիգորիչի անտեղի հրամանի վրա։

— Նրա եղբայրն այրվել, մոխիր է դարձել, նրա որդու ձեռները այրվել են և կուչ եկել, իսկ դու այժմ այդ դժբախտից օգնություն ե՞ս պահանջում։ Անխիղճ, անաստված․ նա այդ թշվառութենում