և տվյալ»․․․ Դե՛հ, Սեյրան, մոտեցիր ու հարսնացուիդ մի լավ պաչիր, ա՛յ ինչպես էսօր հողի տակումն ես պաչել։
— Ի՞նչ հարսնացու, — հարցրեց Սեյրանը երեխայական զարմացմամբ։
— Սուսանին ու քեզ նշանեցինք, դու նրա փեսացուն ես հիմա։
Պարզամիտ մանուկները, լսելով Հայրապետի խոսքերը, կարմրեցին ամոթից։ Հայրապետի ստիպմամբ նրանք իրարու գրկեցին և համբուրեցին։ Այս համբույրը եղավ երկու մանուկների ապագա միավորությունը երաշխավորող միակ գրավականը։
— Դեհ, բալաներս, չոքեցեք ու աղոթք արեք ձեր արդար բերանով, որ աստված էսօրվա պես օր շանց չտա մեզ, — ասաց մանուկներին Մարիամ բաջին։
Մանուկները չոքեցին երեսները դեպի աղոթարան և նախ «Հայր մեր» ասացին, հետո, Մարիամ բաջու թելադրությամբ, երկրաշարժը չկրկնվելու համար աղոթեցին։
Աղոթքը վերջացավ, երկու ընտանիքները բաժանվեցին։
Երկրաշարժը մի անգամ ղրոշմելով յուր կնիքը Շամախու ճակատին, կարծես, երդվել էր այնուհետև այլևս ձեռ չքաշել նրանից։
Տարիներ անցան, բայց քաղաքը չէր խաղաղում։ Նա նմանում էր ընդարձակ ծովի վրա լողացող մի նավի, որ խորտակված առագաստներով և փշրտված խարիսխներով թողված ճակատագրի հաճույքին, երերվում է ալիքների մեջ։ Երկիրը, կարծես, մի անգամ կորցնելով յուր ուժը, կարողություն չուներ պահել քաղաքի ծանրությունը։ Ինչպես դաշտում մեծացած վայրենի ձի, որ յուր մեջքը չի կամենում ենթարկել թամքի ծանրության, Շամախու երկիրը շարժում էր յուր մեջքը, համառությամբ հրաժարվելով քար-քարի վրա թողնել։
— Սոդոմ — Գոմորն է, — կրկնում էին ծերունիները, իրանց ալեզարդ գլուխները շարժելով։