կանգնած հակառակվում էին, իրարու կրծքին հրելով։ Ոչ մեկը թույլ չէր տալիս մյուսին շարժվելու։
— Էրիհաա՛ զուռնաղավալը բարձրացրին սատանի ճտերը, ձեռ քաշեցե՛ք, եկա՛վ, խաբարդար, — գոռաց Հայրապետը և գդակը արձակեց նրանց վրա։
— Հանդարտվեցեք, լավ է, երկուսներդ էլ բերեք, տեսնենք ինչ եք բերում։
Բարխուդարի հրամայողական ձայնը ստիպեց Գյուլնազին և Մարիամ բաջուն իրարուց բաժանվելու։
Մի րոպեից հետդ սփռոցի վրա շարվեցին թեյի պնակների մեջ մի քանի տեսակ մուրաբաներ։
Այս ընդհանուր աղմուկի ժամանակ մանուկները քնից զարթնեցան։
— Ինձ էլ մուրաբա տվեք, — գոչեց Սուսանը, գլուխը բարձրացնելով և աչքերը բռունցքներով տրորելով, որ քունը փախցնի։
— Ինձ էլ տվե՛ք, — կրկնեց Սեյրանը։
— Բաս ե՞ս, ինձ չեք տալո՞ւ, — ավելացրեց Սմբատը։
Բարխուդարը, բոլորին բավականացնելուց հետո, ասաց․
— Սուսի, էսօրվանից քեզ ու Սեյրանին բաշխում ենք կարմիր կովին։
— Օ՛օ՜, չէ, չէ, չեմ ուզում, ես կարմիր կովի պոզերից վախենում եմ։
— Ես չեմ վախենում, ես նրա պոզերի վրա կնստեմ, — մեջ մտավ Սեյրանը։
— Միք վախենալ, մենք ձեզ չենք տալու նրան, որ տանի։ Դուք նրա բալաները կլինեք հիմիկվանից, ամա մեզ մոտ կմնաք։ Մենք բաշխում ենք նրան, որ էլ էս գիշերից դեն չհրսոտվի ձեզ վրա, ձեզ հողի տակ չթողնի։
— էս թասը մին էլ կոնծում եմ Սեյրանիս ու Սուսանիս կենացը, — ընդհատեց Հայրապետը։ — Լսի՛ր, Բարխուդար, մի լավ աղոթք եմ սովորել Տեր-Մաթալից, թող նա էլ ասեմ ու բանը պրծնի։ Ինչպե՛ս է․․․ հա․․․ աստված շնորհավոր անի, բարով թագ ու պսակի արժանանան, կանաչ կարմիր կապեն, «և առյալ զձեռն Եվայի