Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՞նչպես կարող է օգնել քո անիծված գործարանին,— գոռացին ամբոխի միջից մի քանի տաք գլուխներ։

— Միևնույն է, էլ այսուհետև նրա գոռալը օգուտ չի տա։

Մեհրաբը մեքենաբար գլուխը բարձրացրեց․ դառն տանջանքի կնիքը դրոշմվել էր նրա ճակատի վրա, աչքերը փայլում էին հոգեկան կսկիծից։ Դեմքն արտահայտում էր խելագար կատաղություն։ Նա նմանվում էր այդ դրության մեջ մի կատաղի և հուսահատված առյուծի, որ պատրաստվում էր հարձակվել յուր թշնամու վրա։

Մի վայրկյան նա այդ անշարժության մեջ մնաց։ Իվան Գրիգորիչը կես բարկացած և կես երկյուղալի դեմքով շվարած նայում էր նրա վրա։

Հանկարծ Մեհրաբը կայծակի արագությամբ վեր թռավ տեղից․․․

— Հա․․․ ճշմարիտ է ասում աղան, պետք է նրա հրամանը կատարել, պետք է օգնել, ես պարտավոր եմ աշխատել։

Նա կամեցավ առաջ շարժվել, բայց ծունկերը չհնաղանդվեցին, գլուխը ծանրություն արավ, և նրա վիթխարի մարմինը կայծակահարի նման անշնչացած թավալվեց Իվան Գրիգորիչի ոտների առաջ, յուր եղբոր սևացած դիակի վրա։

― Գործարանս, գործարանս․․․ աստված սիրեք, տունս քանդվեց։

Բագու, 1883 թ. մարտ։