Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այդ ի՞նչ ձայն է, — լսվեց հանկարծ պատշգամբի վրա, Սուսանի հետևից մի տղամարդու սուր և զորեղ ձայն։

Ձայնը պատասխան չստացավ։

— Դո՞ւ ես, Սուսան, ի՞նչ ես անում այստեղ, — կրկնեց նույն ձայնը։

Սուսանը լուռ էր։

— Ո՞վ էր այն փախչողը, էյ, էյ էյ, ո՞վ ես, — գոռաց նույն ձայնը, ավելի ու ավելի զորեղանալով, բայց պատասխան չկար։

Սուսանն երկյուղից և ամոթից չկարողացավ ոչինչ խոսել։ Նա, գունաթափված, պատի տակ մնաց արձանացած։

VIII

Հետևյալ օրը առավոտ Մարիամ բաջին խոհանոցում հաց թխելու պատրաստություն էր տեսնում։ Նա մենակ էր, տանը ոչ ոք չկար։ Դեռ երեկ երեկո Մարիամ բաջին, հայտնելով Գյուլնազին, թե հետևյալ օրը հաց պիտի թխի, խնդրել էր նրան, որ գա իրան օգնելու։ Օրը բավական անցել էր, բայց Գյուլնազը, որ պիտի գար արևածագին, մինչև այդ ժամանակ չէր երևում։

Մարիամ բաջին ալյուրը մաղեց, ջուրը տաքացրեց, աղաջուրն էլ պատրաստեց, բայց Գյուլնազը չկար։ «Յարաբ մի գնամ տեսնեմ ինչ իլավ, որ չեկավ — մտածում էր Մարիամ բաջին, — ամա չէ, էս գիշեր ճրագը չուրու սհաթի երեքը-չորսը վառ էր, երևի մարդը կար է արել, ինքն էլ անքուն մնացել, խեղճ է, թող քնի»։

Վերջապես, Մարիամ բաջին տաշտը դրավ, ոչխարի մորթիներից մեկը ձգեց տակը, և երեսին խաչակնքելով, չոքեց, որ խմորը շաղախի։ Բայց հենց նոր էր արխալուղի թևերը մինչև արմունկները ծալել և աջ ձեռի ցուցամատով պատրաստվում էր մի խաչ գծելու ալյուրի վրա, երբ Գյուլնազը ներս մտավ։

— Լույսը քեզ տեսնողին, ա քա, ի՞նչ պատահեց, որտե՞ղ մնացիր, շատ սպասելուց աչքերս ջուր դառան խոմ, — հանդիմանեց նրան Մարիամ բաջին։

— Բաշխիր, Մարիամ բաջի, գլուխս խառնվեց, չկարողացա շուտ գալ, — պատասխանեց Գյուլնազը, խոր հառաչելով։