— Ի”նչ կա, ախչի, որ աչքունքդ զահրել ես, հըմ, ինչո՞ւ ես սփրթնել, — հարցրեց Մարիամ բաջին այս անգամ երկու ձեռներով հենվելով տաշտի ծայրին։
— էհ, ո՛չինչ․․․ աղաջուրը որտե՞ղ է։
Գյուլնազը շփոթված շալը գլխից քաշեց և, մի կողմ շպրտելով, մոտեցավ օջախին։
— Երեսիս մտիկ արա տեսնեմ, ախ ու ուֆդ առանց պատճառի չի, ես իմանում եմ։
Գյուլնազը երեսը, փոխանակ Մարիամ բաջու կողմը, շուռ տվավ հակառակ կողմը։ Նրա տխուր դեմքը, կարմրած աչքերը, տամուկ թերթերունքները ցույց էին տալիս, թե նա քիչ առաջ արտասվել է։
— Երանի էն կնկան, որ զավակներ չունի, — ասաց Գյուլնազը, կրկին հառաչելով։
— Առաջինը, լեզուդ տակահան չորանա, որ էդպիսի խոսքեր չասես, հետո քեզանից բան եմ հարցնում, պատասխան տուր։
— Սուսանս քեֆ չունի։
— Ի՞նչ, ինչ ասեցի՞ր, — հարցրեց Մարիամ բաջին, յուր ականջներին չհավատալով։
— Երեխաս տաքացրել է, անկողնում ընկած է, այս գիշեր չուրու լույս դելին է տվել։
— Ցուրտ է կպել, գիշերը մրսել է, բաց է քնել ի՞նչ է, արյուն, արյուն, մեջքից, վզակոթից, կռներից արյուն հանել տուր, տզրուկներ դիր վրեն։
— Երանի մրսած լիներ։ Ախ աստված, չեմ իմանում մենակ իմ ճակատիս է գրել դա, թե ինձպես մի ուրիշն էլ կա։
— Սիրտդ ճաքի, սիրտս ճաքացրիր, հըըը՛։ Ախչի, դե շուտ ասա տեսնեմ, ի՞նչ է պատահել, վա՛յ, — գոռաց վերջապես Մարիամ բաջին, համբերությունից դուրս գալով։
— Աստված գլխիս խռովել պրծել է, ինչ պիտի իլի։ Երեկ, էս կոտրած ձեռքովս սաղ օրը էնքան լվացք էի արել, որ իրիկնադեմին ինձանում էլ հարաքյաթ չէր մնացել ոտքի վրա կանգնելու։ Ճրագր վառեցի թե չէ, մի զահրումար մուռափ աչքերիս կոխեց։ Գլուխս տըմտըմալով, էս պատին, էն պատին կպչելով մի կերպ