Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միայն երբեմն այս կամ այն տան դռներից դուրս էր գալիս շալի մեջ փաթաթված մի կին կամ օրիորդ շտապով մտնում հարևան տներից մեկը, ձեռքում շալի տակ մի ափսե պահած։ Նա այսօրվա եփած կերակրից յուր հարևանի համար «ղոնշի փայի» (հարևանի բաժին) է տանում։

Արեգակի տաքությունից նույնիսկ թափառական շները քաշվել էին փողոցի կիսախարխուլ պատերի ստվերի տակ և, լեզուները մինչև արմատը դուրս բերած, «լահ էին թակում»։ Օգուտ քաղելով նրանց թուլացած դրությունից, շնաճանճերը վրա թափված, անխնա կերպով կծոտում էին նրանց։ Շները անդադար թափահարում էին իրանց դնչերը, որ ճանճերին փախցնեն․ «տը՜զ» թռչում էին ճանճերը մի վայրկյան և կրկին նստում իրանց տեղը, որ նորից սկսեն ծծել խեղճ կենդանիների արյունը։

Մերթ ընդ մերթ փողոցի մելամաղձոտ լռությունը ընդատում էր ամբողջ քաղաքին ծանոթ, բուխարու հին գդակներ գնող, կարճահասակ, չալ միրուքով, սպիտակ ատամներով, հաստ ու կարմիր շրթունքներով, հնդիկ Բաշիրի հաստ ու խռպոտ ձայնը։ «Քոհնա փըփախ, քոհնա փըփախ», — գոռում էր նա, կանգնելով այս ու այն տան դռների առաջ և, հոնքերը վեր քաշած, նայում դեպի բակը։ Բակերում խաղացող մանուկները, լսելով նրա տարօրինակ ձայնը, «այ բաջի,

այ դադաշ, ղարա Բաշիրը եկել է, որ մեզ տանի դևի մոտ», 

աղաղակում էին նրանք ու փախչում էին ներս։ «Ղարա Բաշիրի» ձայնին հետևում էր նույնպես ամբողջ քաղաքին հայտնի «թեփ առնող» Թաղիի ձայնը։ Ահա՛ հրեն էէ՛է, Թաղին, մի չվալ թեփ շալակած, մեջքից երկու ծալ ծռված, տնքտնքալով անցնում է այս փողոցից դեպի մյուսը, ուժասպառ ձայնով բացականչելով․ «սաթտըղ քյափաակ օլան»։ Եվ Թաղիի ձայնը, որ, կարծես, հորի խորքից է դուրս գալիս, տարածվելով «Խարաբա շահարի» առանց այն ևս մռայլ ավերակների վրա, կրկնապատկում էր նրանց մռայլությունը։ Մարիամ բաջին այդ ժամանակ իրանց բակում պատի ստվերում նստած կար էր անում։ Նա նստած էր երեսը դեպի բակի փլատակված պարիսպը դարձրած։ Բակում ուրիշ ոչ չկար, միայն խոհանոցի առջև հավաքվել էին հավերն ու աքաղաղները