Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և կուտկտում էին գետնին թափված խաշած բրինձները և երբեմն կչկչալով իրարու կտցահարում։

— Քիիշշշ, քիիշշշ, ա՛յ անտեր մնաք, ո՛ւֆ, մարդու սիրտ կճաքացնեք դուք, — բացականչում էր շուտ-շուտ Մարիամ բաջին հավերի վրա, յուր կշռին դրած բարակ ճիպոտը գետնին չփացնելով։

Մարիամ բաջու միտքը այդ րոպեին զբաղված էր, այդ պատճառով նա շուտ-շուտ բարկանում էր հավերի վրա, որ խանգարում էին նրա մտածմունքները։

Մի քանի րոպե կարելուց հետո, Մարիամ բաջին հանկարծ ասեղը ցցեց կարի մեջ, մատնոցը մատից հանեց և կարի հետ շպրտելով մի կողմ, ձեռը մեկնեց մինդարի տակ, որի վրա ինքը նստած էր ծալապատիկ։ Նա այնտեղից դուրս բերավ մի հին շորի փոքրիկ կապոց և բաց արավ նրա կշռկուռները։ Դուրս թափվեցին կապոցի միջից մի բուռն չորացած ու սևացած սիսեռներ։ Մարիամ բաջին վեր առավ քթախոտամանը, ցուցամատի և բութ մատի ծայրերով դուրս բերավ այնտեղից մի պտղունց քթախոտ։ Մի երկու անգամ ախորժակով քաշեց, փռշտաց, հազաց ու երեսին խաչակնքեց, ասելով, «տեր աստված, դու չարը խափանես, բարին առաջ բերես»։ Հետո, նա քթախոտամանը կրկին դրավ յուր տեղը, կրկին երեսին խաչակնքեց, այս անգամ երեք անգամ, և ջերմեռանդությամբ սկսեց «նոխուդ բացել», այսինքն սիսեռների վրա հմայել, քթի տակ տմտըմալով, «իլի-չիլի դա, տեր ամենակարող աստված, իմ Սեյրանիս բախտը իլի, թե որ երեխիս վերջը բարի է, էս նոխուդը բաց դուրս գա, թե չէ շառ է, փակ դուրս գա»։

Այս ասելով, Մարիամ բաջին աջ ձեռի ափով յոթ անգամ տրորեց սիսեռները և մատների ծայրերով բաժանեց երեք մասերի։ Նա այս կողմը դարսեց, այն կողմը դարսեց սիսեռները, մի տեղ ավելացրեց, մի տեղ պակասեցրեց, հետո կրկին խառնեց ու մեկ էլ բաժանեց, այս անգամ ինը տեղ։ Այնուհետև նա ձեռները սիսեռներից հեռացրեց, դեմքին լրջություն տվավ և, նայելով նրանց, սկսեց ինքն իրան խոսել։

«Դա բաց ճանապարհն է, էս մեկն էլ Սեյրանս է, տես, տես ինչպես է կանգնել ֆիքրի մեջ կորած։ Հա՛, սա էլ Սեյրանիս առաջ