— Սեյրան, Սեյրան, էլի ո՞ւմի հետ, էլի ո՞ւմի հետ, — աղաղակեց նա, ուշքի գալով և տեղից վեր թռչելով։
Բայց Սեյրանը չէր լսում։ Նա վազեց խոհանոց, մի երկայն կարմրագույն փայտ վերցրեց, մի վայրկյանում չուխան հանեց, փաթաթեց ձախ թևին և թռավ փողոց։ Մարիամ բաջին հետևեց նրան։
Փողոցում սպասում էին երկու առողջակազմ երիտասարդներ նույնպես մի-մի փայտ ձեռներին և, իբրև վահան, ձախ թևերին չուխաները փաթաթած։
Սեյրանը գլխակոր վազեց նրանց դեմ։ Կռիվը սկսվեց։ Սեյրանը պաշտպանվում էր և, հաջող վայրկյաններ գտնելով, հարվածներ էր տալիս յուր հակառակորդներին։ Մեջ ընկավ ոտաբաց և գլխի մազերը փետտելով Մարիամ բաջին։
«Ա՛յ ձեր մեջքը տափին կպչի, ա՛յ ձեր մերերը սևում մնան, ա՛յ ձեր աչքի լույսը ջուր դառնա, երեսներդ թափվի, ի՞նչ եք անում»։
Սեյրանի հակառակորդներից մեկը, փայտի մի հարված տալով Մարիամ բաջու ուսին, չթողեց մեջ մտնելու։
— Ուֆ, ջիգարդ դաղվի, հարայ, ա՛յ հայ քրիստոնյաներ, էրեխիս սպանե՛ցին, վայիս հասեք, — գոռաց Մարիամ բաջին և ուժասպառ ընկավ գետնին։
Այդ վայրկյանին կռվողներին մոտեցավ մի ուրիշ բարձրահասակ երիտասարդ։ Դա նույնպես զրահավորված էր փայտով։ Հասավ թե չէ, երիտասարդը Սեյրանի հակառակորդներից մեկի թևին մի սաստիկ հարված տվավ։
— Ուխա՛յ, ուխա՛յ, բոյիդ մեռնեմ, Սմբատ, ուխայ, մին էլ, — բացականչեց Մարիամ բաջին։
Հակառակորդի թևը թուլացավ, ձեռից փայտն ընկավ, նա սկսեց փախչել։ Մյուս ընկերը անմիջապես հետևեց նրան։ Սեյրանն և Սմբատը վազեցին նրանց հետևից, բայց հակառակորդները անհետացան փողոցի ծայրում։
Սմբատը և Սեյրանը հաղթության զգացմունքով վառված հետ վերադարձան։ Մարիամ բաջին չէր դադարում աղաղակել և մազերը փետտել։
— Հերիք է, սո՛ւս արա, տեսար հո ինչ բերինք նրանց գլխին,