մեկը կանգնած է, ո՞վ լինի, հը՞մ։ — Հալբաթ Սուսանս է։ Հետո, դե սրանք էլ Սեյրանիս ընկերներն են, ուֆ, աստված, ինչպես են չարերի պես երեխիս պատել չորս կողմից։ Ձեզ տեսնեմ, որ բեբեգներդ ջուր լինի ու ձեոներիդ մեջ թափվի, յարաբ ի՛նչ եք ուզում երեխիցս։ Հա, լավ, բաս էս մեկը ո՞վ է, տեր աստված, որ էդպես երեխիս առաջը կապում է սև թելի պես։ Ուֆ, քո աչքն էլ հանեմ, ո՛րտեղից դուրս պրծար դու։ Ով պիտի իլի, աստված, հըմ»։
Մարիամ բաջին, աջ ձեռի մատները ծռելով, դրավ ծնոտի վրա, իսկ ցուցամատով ծածկելով բերանը, խորը մտածողության մեջ ընկավ։
«Չէ, չէ, բաս նոխուդը պակաս է, ասաց նա ինքն իրան, ձեռը ծնոտից հեռացնելով։ Մի-չորս, երկու-չորս, երեք-չորս, չորս-չորս։ Դա էլ հինգ-չորս, դա էլ մին թաք։ Դրուստ տասը-չորսը, մին թաք։ Պակաս չի, մեկ էլ բաց անեմ»։
Նա կրկին խառնեց սիսեռները և կրկին միևնույն տեսակ բաժանեց։
«Փիեե, էլի բեբեք դուրս եկածը պըպզեց երեխիս առաջ», ասաց Մարիամ բաջին և սկսեց երրորդ անգամ բանալ։ Հետո նա չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, վերջապես, մինչև տասնուհինգ անգամ բաժանեց և բաց արավ։ Վերջապես, Մարիամ բաջին հոգնեց, ինքն իրան բարկացավ և սիսեռները հավաքեց։
«Անտեր մնաս, այ նոխուդ, մի խեր խաբար չես անում, կորի՛ր», ասաց, արագությամբ մի կողմ շպրտելով սիսեռների կապոցը, և կարը վերցրեց։
Այդ ժամանակ հանկարծ նա լսեց մի բարձրաձայն աղաղակ, որից հետո իսկույն մի գլխաբաց երիտասարդ, գդակը ձեռում բռնած, ներս թռավ։
— Նամարդներ, ինձ մենակ եք տեսե՞լ, սպասեցե՛ք, ես ձեր գլխին մի օյին բերեմ, որ ճանաչե՛ք, թե ես ո՞վ եմ, — գոռում էր երիտասարդը, վազելով բակի մյուս կողմը, ուր խոհանոցն էր գտնվում։
Մարիամ բաջին հայացքը ձգելով երիտասարդի վրա, սարսափեց և տեղն ու տեղը անշարժ մնաց։ Նրա ձեռները թուլացան, և կարն ընկավ գետնին։