Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դա էլ մի կարճահասակ երիտասարդ էր նույն ձևով հագնված և ծոծրակը մաքուր սափրած պարսկական եղանակով։

— Դե՛, ես մեռնեմ լոթիանա, մի նաղլ արա տեսնենք, — դիմեց նրան մի երրորդը, որի գդակը այնքան ծուռ էր դրած, որ տեսնողը կկարծեր, թե հրես պիտի գլորվի գետին։

Կարճահասակ երիտասարդը հազալով, բեղերը ոլորելով, սկսեց հանդիսավոր կերպով․

— Ադա, ես էի, Սեյրանը, Սմբատը, Թափտուղանց Ջահանգիրը, Շամչյանց Աթանեսը, Ճատտի-Կտուրանց Ենգիբարը, Ինքյաթանց Թաթին, Թութանանց Փափանը, Բեդալյանց Մարտիրոսը, Սատանաբռնողանց Պետրին։ Դարա մահլումը «ալթի ղոզ» էինք խաղում։ Քցողը Սմբատն էր։ Ճատտի-Կտորանց Ենգիբարը մի մանեթ դրավ տափին, լողա-լողա ասեց Սմբատին, որ մին բաշ նրա մանեթին գցի։ Ադա՛ Սմբատի բախտը բերավ, ղոչաղը էնպես գցեց, որ հաբի միջին դյուրյուստ չորս գցեց, ձեր արևը, ո՛չ էվալ ոչ պակաս։ Ենգիբարի բերանը բաց մնաց, ախար մանեթ կասան հա, քիչ փող չիմանաք, մին դանա ջղջղալի Նիկոլայ ա։ Հը՛մ․ ի՞նչ անի, ինչ չանի, ճարը կտրված, մանեթը ետ վերցրեց։

— Փա՛հ, նամարդ քյոփօղլի, — արտասանեց բեղերը սրած երիտասարդը։ — Հե՜տո, հե՞տո։

— Հետո, էլ ինչ հետո։ Սմբատը ասում է․ «ադա, ի՞նչ ես անում»։ Ենգիբարը ասում է հանաք էի անում, գիժ եմ, որ էսքան փողով մի բաշ խաղ անեմ։ Սմբատը թե` «դես տուր մանեթը ասում եմ, չես տալ, գլուխդ ձվի պես փշիր-փշիր կանամ»։ Ճատտի-Կտուրանց Ենգիբարը թե` «ձայնդ կտրի, քո աթանցդ, անանցդ»։ Դե, ի՞նչ ասեմ, ճանաչում եք էլի Ենգիբարին, ռեխը որ բացեց, էլ աստված ազատի։ Ը՛հհ, տղերք, Սմբատի հուրսերը հավաքվեցին, ուշունցը ուշունցի հետևից։ Ենգիբարը դա որ լսեց թե չէ, կատաղեց, կապուտ կապուտեց։ Զալըմը ռեխը բացեց, մի խոսք դուրս բերավ, որ Սմբատի աչքերը արյունկոխեցին։ Ասում է․ «գնա հայասըզ աննամուս քրոջդ կապը հավաքի, որ գիշերները Սեյրանի հետ․․․ սիլիկ բիլիկ չանի»․․․

— Փահ, ադա, չկարացաք հենց տեղն ու տեղը նրա փորոտիքը թափե՞լ, — ընդհատեց պատմաբանի խոսքը գդակը ծուռ դրած երիտասարդը,