Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսերը վեր քաշած, ծնոտը ծռելով, աչքերը չռելով, և ձեռները զարմացած առաջ տարածելով։

— Մի կանգնի դե էլի, ախար մի տես ինչ իլավ, հետո էէ, — շարունակեց պատմաբանը։ — Դե, Քյոխանց Սմբատին աթանց խոսք ասիլ կլինի՞։ Բիրդան նրա աչքերը կարմրեցին, արյունով լցվեցին։ Հենց նոր դանակը ուզում էր ջիբից հանել, մին էլ տեսնենք, մինչև դուրս բերիլը, Սեյրանը մին թյափիկ Ենգիբարի փորին։ «Ա՛յ ես քո աթանցը, անանցը, ա՛թանց անեմ, անանց անեմ»։ Ենգիբարը թախկ, ձկնի պես, թիր լափաշվեց տափին։ Ամա էլի շուտ վեր կացավ, հետևից վազ տվավ Սատանաբռնողանց Պետրին։ Մին մնութ չքաշեց, մին էլ տեսնենք երկուսն էլ փետները սրած, վյալգյահ արած, եկան փետ-փետի կռիվ անելու։ Սմբատն ու Սեյրանը, առանց բանը երկարացնելու, մին բաշ տուն։ Նա էր, որ եկան ղըրմզի-հոլ-հոլ դյագանադների կոթին թքերին ու աջըզ նամարդների ռեխը հետ տվին, փախցրին մինչև խոնջանները կտրվելը։ Ամա քյոփօղլի Սատանաբռնողանց Պետրին Սեյրանի մոր ուսին մի փետ կոփեց, խեղճ կինը տունդուռուգի վրա նստեց։

— Փա՛հ ես նրանց հերն անիծեմ, — գոչեց բեղերը մկան պոչի պես սրած երիտասարդը, — ադա նրանք մեր մահլի ջահիլների հետ փետ-փետի կռիվ անե՞ն։ Տղերք, նամուսը մերն է, էլ ֆիքր անելու տեղը չի։ Դուք մեռնեք, լոթիանա, էգուց մի մահլադավասի սարքենք, որ սաղ քաղաքը զարմանա։

— Հարկավոր չէ, ես առանց դրան էլ փոշմանել եմ, — ասաց Սեյրանը, յուր հայացքը գետնից չհեռացնելով։

— Ես էլ եմ փոշմանել, — ավելացրեց Սմբատը։

— Ձեր բանը չի, դուք իսկի միք խոսիլ, տեղներդ դինջ նստեցեք սուս ու փուս։ Մենք բանը գլուխ կբերենք առանց ձեզ էլ, — մեջ մտավ կարճահասակ երիտասարդը, դիմելով Սմբատին և Սեյրանին։

— Բաս որ էդպես է, ես գնամ քյոռամալս եղեմ, — ավելացրեց գդակը ծուռ դրած երիտասարդը։ — Ե՞րբ եք կռիվը սկսելու։

— Հենց էգուց կեսօրից հետո, — միաբերան գոչեցին կարճահասակ և բեղերը մկան պոչի պես սրած երիտասարդները։