Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ միջոցին փողոցի ծայրում երևեցավ Հայրապետը, որ, չուխայի տակ մի ինչ-որ բան բռնած, գալիս էր տուն։

Սեյրանն և Սմբատը անհապաղ մտան տուն։ Մյուսները նույնպես հեռացան իրանց տները, խորհելով, ինչպես վաղը կռիվ սկսեն և վերջացնեն, որ իրանց «մահլի ջահիլների նամուսը տափը չկոխեն»։

XI

Օրը բոլորովին մթնեց։ Մարիամ բաջին խոհանոցում ճարպի մոմը վառեց և բերավ ներս։ Հայրապետը նստած էր պատի տակ, մինդարի վրա, մեջքը բարձին, մի ոտը ծալած, մյուսը մեկնած։ Նա մի ձեռքում երկայն չիբուխն էր բռնել ու ծխում, մյուսում տերողորմյան էր չխչխկացնում։

Հայրապետը, ըստ երևույթին, շատ տխուր էր։ Երբ Մարիամ բաջին աշտանակը դրավ մեջտեղ, աղոտ լույսը ընկավ նրա վրա։ Այդ մշտապես ուրախ ու պայծառ դեմքը երբեք այդչափ թթված չէր։ Մարիամ բաջին սովորական «բարի երեկոն» կրկնեց երկու անգամ և, Հայրապետից պատասխան չստանալով, հեռացավ սենյակի մի անկյունը։ Սեյրանը դրսումն էր, վախենում էր, թե ամաչում նա, բայց չէր ուզում ներս գալ։ Երկու ամուսինները նստած էին լուռ ու մունջ։ Մարիամ բաջին հայացքը չէր հեռացնում Հայրապետի ճակատից, իսկ վերջինը առաստաղի մի կետից։

— Բարի երեկո, — ներս մտավ մի բարձրահասակ մարդ։

— Այ աստուծո բարին, Բարխուդար։

Հայրապետը և Մարիամ բաջին բարձրացան տեղներից։

— Համեցե՛ք, համեցե՛ք, ախչի Մարիամ, մի փափուկ մինդար բեր։

— Նեղություն մի՛ քաշիլ, նստիր, Հայրապետ, ես էս պատի տակն էլ կնստեմ։

— Չէ, բաս որ էդպես է, անցկաց, տեղումս նստիր, մեջքդ բարձին տուր, — ասաց Հայրապետը, խորին պատկառանքով ցույց տալով յուր տեղը։

Մարիամ բաջին սփռեց մի մինդար Հայրապետի տակ, և երկու հարևանները նստեցին։