Էջ:Shirvanzade I hator.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դռները։ Հայրապետը, որ երբեք չէր սպասում, թե բանը այդպիսով պիտի վերջանա, մնաց տեղն ու տեղը անշարժ։ Նա անմիտ դեմքով, ձեռներն առաջ տարածած, մեջքից քիչ ծռված, նայում էր Բարխուդարի հեռացող քայլերին։ Նա կամեցավ այդ վայրկյանին մի բան խոսել կամ գոռալ, խնդրել, աղաչել Բարխուդարին, առաջը կապել, որպեսզի չթողնի դուրս գնալու, բայց չկարողացավ։ Հայրապետը ինչպես կար, այնպես էլ մնաց, մինչև որ Բարխուդարը մի ոտը դուրս դրավ։ Այստեղ միայն մարդը ուշքի եկավ, ձգեց գդակը մի կողմ, վազեց դեպի դռները և երկու ձեռներով գրկեց Բարխուդարի մեջքից։

— Բաց թո՛ղ, թե չէ՛․․․

— Բարխուդա՛ր, Բարխուդա՛ր, քեզ հետ կերած աղ ու հացը աչքերս կքոռացնեն, թե Սեյրանի նման լակոտի խաթրու ես քեզանից խռովեմ։ Կանգնի՛ր, կանգնի՛ր, Բարխուդար։

Բարխուդարը կանգնեց, երեսը շուռ տվավ դեպի յուր հարևանը, նայեց վերջինի աղերսող դեմքին, նայեց, իսկույն գլուխը թեքեց կրծքին և երկու ձեռներով սեղմեց նրան։

Չէ՞ որ Բարխուդարը խոսք է տվել, երդում է կերել` այդ մարդու հետ մինչև յուր կյանքի վերջը բարեկամություն պահել։ Հիմա ի՞նչ է անում, ի՞նչ է անում, ոտը դուրս է դնում նրա տանից, որ էլ մինչև հավիտյան ներս չդնի։ Մի՞թե այդ թքածը լիզել չէ։ Բայց ո՞վ է մեղավոր, Բարխուդարը՞։ Ինչո՞վ։ Բաս նրա նամո՞ւսը, տափը կոխի՞, ցեխի մեջ շպրտի՞, ոտնակոխ անի՞։ Չէ, այս անկարելի է, անկարելի է, որ «Սեյրանի պես մի լակոտ» նրա փափախը աղբի մեջ գլորի և այնուհետև էլի նա ոտ կոխի այն տունը, ուր ապրում է այդ լակոտը։ Ո՛չ, Բարխուդարը ավելի հեշտ կհամաձայնվի կոտորել Սեյրանին էլ, յուր աղջկան էլ, իրան էլ սատանաների փայ անել, բայց ղաբուլ չի անիլ, որ յուր ականջները այսօրվա խոսքերի պես խոսքեր լսեն։

Մինդ այղ ամենն անցնում էին Բարխուդարի մտքով, Հայրապետը ապշած մտիկ էր տալիս նրան, չհամարձակվելով խոսք անգամ արտասանել։

— Ասել եմ, պիտի կատարեմ, թե չէ` նամուսս ինձ կխեղդի, մնաս բարով, Հայրապետ, — ասաց Բարխուդարը և շտապով դուրս եկավ։