Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կանգնիր, մի՛ փախչիր, — լսվեց դրսից, և երկու երիտասարդական ձեռներ ուժով Բարխուդարին ներս հրեցին։

Դա Սեյրանն էր։

— Լսի՛ր, մարդ, լսիր մի քանի խոսք ասեմ, ու հետո ուր որ ուզում ես գնա։

Սեյրանի կողմից այդ անսպասելի հանդգնությունը այն ազդեցությունը ունեցավ Հայրապետի վրա, որ խեղճ մարդու լեզուն այս անգամ բոլորովին «փետացավ», ինչպես ինքը հետո պատմում էր Մարիամ բաջուն։ Նա չուխայի թևերն ուսերին գցեց, ձեռները պահեց բերանի դեմ, իրանը ծռեց և ասաց․ այ քեոփ... փը...փը... Բայց չկարողացավ արտասանել ուզած բառը, կրկին չուխայի թևերը ցած գցեց և մի կողմ նայելով, ուր ոչ ոք չկար, ավելացրեց. «տեսնում եք էս լակոտին, նահլաթ չար սատանին հա՛»։ Մինչդեռ Հայրապետը զանազան անհամբեր շարժվածքներ էր անում, Սեյրանը, Բարխուդարին ներս հրելով, կանգնել էր դռան առաջ, կարծես, դիտմամբ, որպեսզի վերջինը «չփախչի»։

— Հրես ասում եմ, մարդ, ջառը ջհաննամը դու էլ, քո բարեկամությունն էլ, մենք քեզ կարոտ չենք։ Բայց Սուսանը իմս է, դու Սուսանին ինձանից չես կարող խլել, դու նրան ինձ ես բաշխել, դու երդվել ես և թքածդ լզող մարդ չես։Լսո՞ւմ ես, Սուսանը իմս է, իմս...

Սեյրանն այդ խոսքերը արտասանում էր բարձր ձայնով, գրեթե գոռալով։

— Կտրիր ձայնդ․․․ լակոտ, թե չէ գլխիդ օղողը շների փայ կանեմ, — խոսեց, վերջապես, Բարխուդարը, ատամները կրճտելով և բռունցքներն ամուր սեղմելով։

— Ադա, ադա, լեզուդ կուլ տուր, տեր մեղա քեզ աստված,— մեջ մտավ Հայրապետը, մոտենալով յուր որդուն։

— Քո բանը չի, — կտրեց յուր հոր խոսքը Սեյրանը։ — Մեկ էլ եմ ասում, Բարխուդար, աղջիկդ, Սուսանն իմս է, դուք կարող եք կռվել, թշնամանալ, բայց Սուսանն ի՛մս է։ Հա՛, Սուսանն իմս է, ով որ նրան իմ ձեռքից ուզենա խլել, ես նրան իմանո՞ւմ եք ինչ կանեմ, իմանո՞ւմ եք, ես նրա փորը ձկան փորի պես ջըրըղ-ջըրըղ կճղեմ։ Տեսնում ե՞ք...