Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ
ՊԱՏՄՎԱԾՔ
(Նվեր Րաֆֆիի գրականական գործունեության 25-ամյակին)
I

Հազար ութ հարյուր վաթսուն և ութ թվականի գարնան պարզ և գեղեցիկ օրերից մեկն էր, երբ ես Շ․ քաղաքում ավարտեցի իմ ուսման ընթացքը հռչակավոր տեր-Վահակի ուսումնարանում։ Այդ օրն ինձ համար այնքան նշանավոր էր, ես ինձ այնքան ուրախ և բախտավոր էի զգում, որ անշուշտ նրա ամեն մի ժամը պիտի տպավորված մնա հիշողությանս մեջ մինչև կյանքիս վերջը․ Չորս տարի շարունակ տեր-Վահակի ձեռքում տանջվելուց հետո, չորս տարի նրա բարբարոսական ֆալախկայի տակ չարչարվելուց հետո, բնական է, որ ինձ անսահման բախտավոր պիտի համարեի այդ օրն, երբ, վերջապես, ազատվել էի անխիղճ տերտերի ձեռքից։ Էլ ինչ երկարացնեմ, ես թևեր չունեի, որ ուրախությունիցս թռչեի, երբ հորս գնած մի ֆունտ թեյն հանձնելով տեր հորն իբր շնորհակալության նշան ինձ տված կրթության համար, վերջին անգամ համբուրեցի նրա կոշտ ու զարհուրելի ձեռը և դուրս թռա ուսումնարանից։