Ես մեր տան հերոսն էի այդ օրը, ոչ ոք իմ եղբայրներից կամ քույրերից իրավունք չուներ որևէ կերպով դիպչել իմ քեֆին։ Ամենքը դեպի ինձ սիրով ու հարգանքով էին վերաբերվում։ Եվ ինչպես կարող էին չհարգել, քանի որ նրանց մեջ ամենակրթվածը և ամենագիտունն ես էի։ Քանի որ ամբողջ ճարտասանությունն և Նարեկը գլխից մինչև վերջն անցել էի։ Բոլորը, հավաքված իմ շուրջը, փայփայում էին ինձ։ Մայրս իսկույն ինձ համար սկսեց պատրաստել իմ սիրած կերակուրը, հայրս խոստացավ հենց այն օրը գնել ինձ համար մի նոր արխալուղ։ Մի խոսքով, մեր ընտանիքի մեջ այդ օրն անխտիր ամենքի սիրո և փաղաքշանքի առարկան ես էի։ Ամենքը ինձնով էին զբաղված, ամենքը աշխատում էին ինձ հաճոյանալ ամեն կերպ։ Իսկ ես, ինչպես վայելում է հերոսին, աշխատում էի պահել ինձ խիստ լուրջ և վեհանձն, սեփական արժանավորության զգացմունքով լեցված։
Հայրս, չնայելով յուր աղքատությանը, այդ օրը խիստ առատաձեռն էր դառել։ Նա հրամայեց մորս, բացի իմ սիրեցյալ կերակրից, պատրաստել և՛ մի ուրիշ տեսակ կերակուր։ Նա մտադիր էր այդ օրը հրավիրել մեր բարեկամներից մի քանիսին՝ յուր անդրանիկ որդու ուսման առիթով կատարվող ուրախության մասնակից լինելու, միևնույն ժամանակ, խորհրրդակցելու նրա ապագայի վերաբերմամբ։
— Հարկավոր է, ա՛յ կնիկ, հենց այսօր որոշել, թե այսուհետև ինչով պիտի պարապի Խաչին։ «Ծեծիր երկաթը, քանի որ նա տաք է», — ասում է առածը։ Պետք չէ թույլ տալ, որ նա մի օր անգամ անգործ մնա, կարող է ծուլանալ ու այնուհետև դժվար կլինի նրա համար մի գործի կպչել։
Մայրս համաձայն չէր հորս մտքի հետ։ Նա ուզում էր, որ ես գոնե մի ամիս տանը հանգիստ ապրեի, և փորձեց հակառակել նրա կամքին, բայց ի՜նչպես կարող էր իմ հոր նման մարդու ասածին կինը հակառակել։ Նա այնպես գոռաց խեղճ կնոջ վրա, որ սա տեղն ու տեղը լռեց ստրկությամբ, ինչպես ամեն ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում էր ինձ, ես այդ օրն ուրախութենից այնքան շվարած էի, որ չգիտեի, թե ինչ մտածեմ։ Ես բավական էի միայն նրանով, որ, վերջապես, ազատվել էի տեր-Վահակի ֆալախկայից։