Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց այն էլ իմ պատճառով անպատված է։ Ես չեմ ուզում, որ ինձ համար ծնողներս ամոթից սևերես մնան ուրիշների առաջ։ Ես գիտեմ, որ հայրս հենց մեր փախչելու օրն իրան կախ կտա։ Նա այդպիսի մարդ է, ես ճանաչում եմ նրան։ Քյոխանց Բարխուդարը նամուսի գերի է։ Թող ես չարչարվեմ, տանջվեմ, սառը գերեզմանը մտնեմ, այդ ինձ համար ավելի լավ է, քան թե հորս խայտառակությունը։ Ճշմարիտ է, նա ինձ թակում է, աչքով աչք չունի ինձ տեսնելու, բայց ես սիրում եմ, որովհետև հայրս է։ Գիտե՞ս, Սեյրան, ի՛նչ ասել է ծնողներ։ Լա՛վ մտածիր, նրանք ինձ լույս աշխարհ են գցել, մեծացրել են, լավ թե վատ կրթել են, այս հասակին են հասցրել, վերջապես, նրանք ինձ սիրում են։ Չե՞ս հավատում, որ սիրում են։ Չէ, սիրում են և շատ են սիրում։ Սեյրան, մտիկ արա՛ հորս երեսին, տես այս կարճ ժամանակի մեջ նա ինչպես է փոխվել, ծերացել, լղարել, փորը մեջքին է կպել, թշերը ներս են ընկել, աչքերը խորը փոսերի մեջ կորել, մեջքը երկու ղաթ ծռվել։ Դա իմ պատճառով է։ Այն օրից, երբ ձեզ հետ կտրել է բարեկամությունը, ոչ մի անգամ կուշտ փորով հաց չի կերել, ոչ մի անգամ մորս հետ կարգին չի խոսել։ Օրը ախ ու վախով է անցկացնում, հանգստություն չունի, մարդու երես չի ուզում տեսնել, կարծում է, որ ով որ պատահի, պիտի իրա երեսին խոսի։ Գիշերները մի տեղ նստել չի կարողանում, չիբուխը բերնին, ծխում է ծխում մինչև կեսգիշեր, առանց խոսելու։ Դե՛, հիմա դու ինքդ ասա՛, Սեյրան, բաս դա մեղք չէ՞ մեր կողմից։

— Իսկ մայրս, ախ աստված, ի՛նչ է մնացել նրանում։ Խեղճ կնիկը հորս երեսին մտիկ անելով, մի կտոր մոմի պես հալվում է։ Առաջվա այն գյոզալ կնիկը կուչ է եկել, պառավել է, հենց իմանաս, որ այս երեք ամիսը նրա համար երեսուն տարիներ են եղել։ Մայրս քեզ սիրում է, Սեյրան, շատ է սիրում։ Խեղճ կնիկ, նա շատ չարչարվեց, որ հորս կակղացնի, բայց չեղավ, չկարողացավ հորս ծռել։ Ո՞վ կարող է ծռել Քյոխանց Բարխուդարին, երբ բանը նրա նամուսին է վերաբերում։ Հիմա, տեսնելով, որ էլ ճար չկա, խեղճ կնիկը լռել է, ցավերը թաքցրել կրծքի տակ․ այդ ցավերն այսօր մղմղ ուտում են նրան։ Տեսնո՞ւմ ես, Սեյրան, տեսնո՞ւմ ես այս ամենը, հիմա ինքդ դատիր, ես ի՛նչ անեմ։ Մտիկ եմ տալիս