Էջ:Shirvanzade I hator.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թքածը լիզողը չի՞, հաստատ կամք ունի՞։ Չէ, հապա ութ-ինը տարի սրանից առաջ նրա տված խոսքը։ Այդ է մի՞թե նրա հաստատակամությունը, այդպե՞ս է կատարում նա յուր տված խոստումը։ Պարծենկոտ մարդ, ինչո՞ւ մոռացար քո խոսքը, այդ մի՞թե անազնվություն չէ»։

Սեյրանը կրկին կանգ առավ և մի քանի վայրկյան նայեց յուր չորս կողմը։ Հետո դարձյալ շարունակեց յուր ճանապարհը և կրկին սկսեց մտածել ու ինքն իրան խոսել․ «Տեր աստված, տեր աստված, ինչե՞ր եմ դուրս տալիս, ո՞վ է Բարխուդարը, ի՞նչ եմ պահանջում ես նրանից։ Չէ՞ որ նա հայր է, այն էլ հին, վաթսուն տարեկան մարդ․ միթե՞ ես լինեի նրա տեղը, ուրիշ կերպ կվարվեի։ Չեմ կարծում։ Նա ասում է «նամուսս չի վերցնիլ, որ աղջիկս մի տղայի հետ գիշերները սովբաթ անի, մարդիկ թքով կհանեն աչքս»։ Ճշմարիտ է, որ «մարդիկ թքով նրա աչքը կհանեն»։ Մարդիկ, մարդիկ, դուք, օ՜օ՜օ, դուք պատրաստ եք ամեն մի վայրկյան, ամեն մի քայլափոխում մրոտել, ցեխ քսել ուրիշների երեսին և այդ ձեզ բավականություն է պատճառում։ Ուրիշների կեղտոտությունը ձեզ ուրախություն է պատճառում, որովհետև քաջություն է տալիս ներողամտությամբ վերաբերվելու ձեր սեփական կեղտոտություններին։ Բարխուդարը մինչև հիմա իրան ձեր կեղտից ազատ պահելու համար ձեզանից հեռու է ապրել, չի խառնվել ձեզ հետ, և դուք, այդ տեսնելով, իհարկե, նրա հպարտությունը տանել չէիք կարող։ Դուք գիշեր ու ցերեկ մտածում էիք, թե ինչպես անեք, որ մի արատ գտնեք նրա կյանքում, որպեսզի նրան ձեզ հետ հավասարացնեք։ Աշխատեցիք և ձեզ հաջողվեց գտնելու։ Դուք լուն ուղտ շինեցիք։ Բայց, տեր աստված, ո՞վ, ո՞վ․․․»։

Սեյրանը այստեղ հանկարծ երկու ձեռներով մի հարված տվավ գլխին և մնաց մեխված փողոցի մեջտեղում։ Կար մի կետ, մի նշանավոր խնդիր, որի մասին նա մինչև այդ ժամանակ չէր մտածել և չէր էլ հիշում մինչև անգամ։ Բայց ահա նույն վայրկյանին, երբ նա անիծում էր մարդկանց, նույն վայրկյանին այդ խնդիրը ծագեց նրա գլխում։ Սեյրանը սկսեց ուժ տալ յուր հիշողության մի ինչ-որ բան մտաբերելու։ Մի քանի րոպե մնաց այդ դրության մեջ։ Ստեպ-ստեպ նա գլուխը բարձրացնում էր և, ձեռները օդի մեջ տարածելով,